HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեժ քննարկումներ եւ կանխորոշված արդյունքներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագիրին քննարկումները բավական թեժ մթնոլորտի մեջ անցած են: Վարչապետին ներկայացուցած ծրագիրը, խորքին մեջ առաջադրանքային էր ավելի քան հիմնախնդիրներու լուծումներու գործնական ուղիները մատնանշող: Այդ իմաստով ալ անիկա չհաջողեցավ էական փոփոխություններու, բարելավումներու գործնականացման համոզումի նախանիշեր հաղորդել  ծրագիրին բովանդակության ծանոթացողներուն:

Պետք է արձանագրել սակայն, որ եթե ծրագիրը իր նախորդը հիշեցնող էր եւ  իբրեւ այդպիսին էական փոփոխության նախանիշերը չփոխանցեց, այնուամենայնիվ կարելի չէ նույնը ըսել խորհրդարանի ներկայացուցած այսօրվան համապատկերին մասին: Նախ ի հարկե ներկայացված բազմակուսակցականությունը, հետո մանավանդ համամասնական ընտրակարգով խորհրդարան մտած ընդդիմադիր թե այլընտրանք կարգավիճակներով պատգամավորներուն նոր որակը:

Այս մեկը անմիջականորեն երեւցած է ազդելով քննարկումներուն վրա: Գործող կառավարության ներկայացուցիչները հաճախակիորեն մատնված են դժվարություններու` խիստ հարցապնդումներու ենթարկվելով, առարկություններուն չկարենալ համարժեք պատասխան տալով եւ երբեմն ալ բուն քննադատությունները շրջանցելով: Քվեարկության արդյունքը անշուշտ կանխորոշված է, այսուհանդերձ անոր պատկերի հարաբերակցությունը եւս իբրեւ երեւույթ փոխված է:

Այս բոլորը կնպաստեն անշուշտ երեւութական ժողովրդավարության ցուցադրության` տրված ըլլալով, որ նախորդ խորհրդարանի թե՛ քննարկումներուն եւ թե՛ քվեարկության պատկերներուն համեմատած փոփոխությունը զգալի է: Բոլոր նախադրյալները կան մտածելու, որ հետագա  քննարկումները եւս կըլլան թեժ, գործող իշխանություններու ներկայացուցիչները ոչ նախկին հեզասահությամբ օրենքի կվերածեն իրենց նախագիծերը, երբեմն ալ քվեներու մոտեցող հարաբերակցություններով:

Էությունը չի փոխվիր անշուշտ: Միակուսակցական գերակայությունը վճռորոշ կըլլա ամենեն կարեւոր խնդիրներուն պարագային եւ իշխանությունները կունենան բնականաբար իրենց առաջադրած օրենքները, որոշումները, բանաձեւերը: Մանավանդ որ ծրագիրի քվեարկության պատկերը համոզեց, որ հանրապետական քվեներուն միացած են նաեւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան մտած անկուսակցական պատգամավորներու քվեները:

Երեւույթը կհիշեցնե ինքնակառավարման մարմիններու եւ հատկապես խորհրդարանական ընտրություններուն կիրարկված մեթոտաբանական հիմնական փոփոխությունը: Հանգիստ, խաղաղ ընտրատեղամասեր եւ մինչ այդ վարչական լծակներու եւ նյութական միջոցներու ազդեցության տակ քվեատուփ հասած ուղղորդված զանգվածային քվեներ:  Արդյունքը` ցուցադրված եւ միջազգային գնահատականի արժանացած քաղաքակիրթ ընտրություններ. ի հարկե ձեւով եւ ոչ թե խորքով:

Պարզ է, որ մեր երկիրը թեւակոխած է արդեն նախագահական ընտրություններու նախափուլ: Պատճառներ կան մտածելու, որ ժողովրդավարության ցուցադրության հերթական հանգրվանի նախապատրաստության մեջ են համապատասխան հաստատությունները: Չի բացառվիր, որ ժողովուրդի մասնակցության աստիճանաչափի բարձրացման եւ մոտ համեմատություններով ընտրական մրցապայքարի բեմագրություններու համապատասխան թեկնածուներ ներկայանան նախագահական ընտրություններուն` արձանագրելու համար ժողովրդավար երկիրներու հարիր քվեարկության պատկերներ:

Այս բոլորին արդյունքը` քաղաքակիրթ ընտրատեղամասեր, սակայն ուղղորդված եւ կանխորոշված զանգվածային քվեներ: Բազմակուսակցական խորհրդարան, սակայն միակուսակցական գերակայություն: Որակավոր քննարկումներ, սակայն միակողմանի որոշումներ: Եւ վաղը` այս օրինաչափությունները պահող նախագահական ընտրություններ:

Անշուշտ միայն բացասական մոտեցումով պետք չէ դիտարկել մեթոտաբանական, ընտրական գործընթացներու կիրարկման եղանակներու նորարարության եւ  քննարկումներուն ապահովված փոփոխության երեւույթները: Խնդիրը ձեւականեն խորքայինին անցնելու կամքի բացակայությունն է: Պետականության եւ քաղաքացիական հասարակության կայացման համար խորքայինն ու իրողական ժողովրդավարացումը պայման են: Այլապես, եթե բացակա է երկիրը իրողապես ժողովրդավարացնելու կամքը, երեւութականը կփոշիանա որեւէ հանգրվանի:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter