HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր աջակցությունն է հայտնել Արցախին

Լաչինի միջանցքի շրջափակման օրվանից սկսած ես Կոնգրեսի իմ գործընկերների ու երկրի ողջ հայերի հետ կոչ եմ արել Սպիտակ տանը, Պետքարտուղարությանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը քայլեր ձեռնարկել՝ Արցախի ժողովրդին ու նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ադամ Շիֆը։ 

«Քանի դեռ Ադրբեջանը մերժում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին մարդասիրական օգնություն հասցնել և Արցախից տեղափոխել շտապ բժշկական օգնություն պահանջող հիվանդներին, օր օրի աճում է միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությանը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը»,- գրել է Շիֆը՝ նշելով, որ ինքն Ադրբեջանին համառորեն կոչ է արել վերացնել շրջափակումը և թույլ տալ մարդասիրական օգնության ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ «Եվ ես նախագահ Բայդենին հորդորել եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տիրող սարսափելի իրավիճակի լուծման համար»,- ընդգծել է ամերիկացի կոնգրեսականը։

Նրա խոսքով` ինքը դատապարտել է հրադադարի խախտումները, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում, ինչպես նաև կոչ արել պատժամիջոցներ սահմանել ու պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ «Ես միշտ հաստատակամ եմ եղել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման իմ հանձնառության մեջ»,- հայտարարել է ամերիկացի քաղաքական գործիչը։

Ադամ Շիֆը նշում է, որ որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, ինքը նաև հանդես է եկել միջազգային գործողությունների օգտին՝ ճգնաժամը խաղաղ ճանապարհով վերջ տալու համար: «Եթե մենք իսկապես պաշտպանում ենք ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ապա պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և դիմադրենք էթնիկ զտումներին ու ցեղասպանության սպառնալիքներին, որոնց իր նախնիների հայրենիքում բախվում է հայկական համայնքը»,- նշել է նա։

«Օգտագործելով մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ԱՄՆ-ին դրդել հումանիտար օգնություն ուղարկել Արցախ, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական ու այլ օգնությունները, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել այս ճգնաժամի պատասխանատուների դեմ, մենք կարող ենք ապահովել Արցախի անվտանգությունը այժմ և ապագայում։ Ես ձեզ հետ եմ լինելու ամեն քայլափոխի և միշտ լինելու եմ Հայաստանի ու Արցախի ժողովրդի կողքին»,- իր գրառումը եզրափակել է Շիֆը:

Լուսանկարը՝ Erin Schaff/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter