
Ռուսաստանը հարվածել է Պոկրովսկին. կա 7 զոհ և 88 վիրավոր
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքին օգոստոսի 7-ի երեկոյան ռուսական զորքերի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։
Զոհերից մեկը Դոնեցկի մարզում Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գլխավոր վարչության արտակարգ իրավիճակներին արագ արձագանման բաժնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Օմելչենկոն է։ Նա 52 տարեկան էր։
Օգոստոսի 8-ի դրությամբ՝ Պոկրովսկին հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 88 մարդ, այդ թվում` ոստիկանության 29 աշխատակից, 7 փրկարար և 2 երեխա։ Օմելչենկոյից զատ՝ զոհվել է նաև 5 խաղաղ բնակիչ և 1 զինվորական։
Փրկարար ծառայությունները հրթիռակոծության վայրում վերսկսել են փլատակների վերացման աշխատանքները։ Գիշերն աշխատանքը դադարեցվել էր կրկնակի հրթիռակոծության մեծ սպառնալիքի պատճառով։
Ինչպես հայտնել է Դոնեցկի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն, Պոկրովսկի կենտրոնը օգոստոսի 7-ին` ժամը 19:15-ին և 19:52-ին ենթարկվել էր «Искандер»-ից կրկնակի հրթիռակոծության։ Դրա հետևանքով քաղաքում ավերվել և վնասվել էին բազմահարկ շենքեր ու տներ, վարչական շենքեր, սննդի հաստատություններ ու հյուրանոց։
Լուսանկարը՝ Anatolii Stepanov / AFP / Scanpix / LETA
Մեկնաբանել