
«Իսլամական պետություն»-ը հաստատել է իր առաջնորդի մահը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդ Աբու Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Քուրեշիի մահը և հայտնել նրա իրավահաջորդի անունը։ Ահաբեկչական խմբավորման մամուլի քարտուղարի խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ է ընտրվել Աբու Հաֆսա ալ-Հաշիմի ալ-Քուրեշին։
Աբու Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Քուրեշին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ղեկավարում էր 2022 թվականի նոյեմբերից, այն բանից հետո, երբ Սիրիայում սպանվեց նախորդ պարագլուխը։
Աղբյուրների մի մասը պնդում են, որ նրա սպանության հետևում կանգնած է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը։ Որոշ աղբյուրներ էլ պնդում են, որ Քուրեշին սպանվել է ավիահարձակման հետևանքով։
«Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են իրենց հարձակումները Սիրիայում և Իրաքում։ Հազարավոր գրոհայիններ հիմնականում թաքնվում են երկու երկրների առանձին շրջաններում, սակայն դեռևս կարողանում են հանկարծակի հարձակումներ իրականացնել։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել