
ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
ՄԱԿ-ի փորձագետների խումբը մեղադրել է Ադրբեջանին Լաչինի միջանցքը շրջափակելու միջոցով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելու մեջ և կոչ արել անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
«Փորձագետները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերսկսել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի»,- ասված է հայտարարության մեջ։
Դրա համաձայն՝ 7 ամիս շարունակվող շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բախվում է սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի, խաթարվել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը: Փորձագետները նախազգուշացրել են, որ հիվանդանոցները դժվարությամբ են հաղթահարում ծանրաբեռնվածությունը, քանի որ շտապօգնության մեքենաների աշխատանքը դժվարացել է վառելիքի մատակարարման կրճատման պատճառով:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հարգել և պաշտպանել մարդու իրավունքները, ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը: Մենք նաև ընդգծում ենք բոլոր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության և երկխոսության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ ու կայուն միջոց գտնելու համար»,- պնդում են փորձագետները։
Փորձագետները նաև կոչ են արել ռուս խաղաղապահներին ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։
Լուսանկարը՝ Александр Патрин / ТАСС
Մեկնաբանել