HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել

Հայաստանի անտառային հողերի վարձակալության նոր պայմանագրեր են կնքվում։ Վարձակալների ցանկում, ինչպես նախկինում, քիչ չեն ոչ պատահական մարդիկ։

«Հետքը» պարզել է, որ այս տարի անտառային հող է վարձակալել նաև նորահայտ գործարար, նախկին պաշտոնյաներից ոմանց գույքը կասկածելի գործարքներով ձեռք բերած Նարեկ Նալբանդյանի ավագ եղբայրը։ Վարձակալված անտառային հողը գտնվում է Հրազդան գետի ափին՝ Չարենցավան համայնքի վարչական տարածքում։

Նարեկ Նալբանդյանի անունը հանրությանը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո։ Նախ` պետությունն արտոնյալ պայմաններով նրան օտարեց նախկին պաշտոնյայից նվեր ստացած «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա նրա կինը ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։

Նույն վայրում ևս երկու վարձակալ կա։ Նրանք անտառային նշանակության հողում առանց թույլտվության հողային աշխատանքներ են կատարել։ Նրանցից մեկն էլ Հրազդան գետի հունն է նեղացրել՝ փոխելով գետի հունի բնական տեսքը։ Այս ամենի մասին տեղյակ են պատասխանատուները, սակայն քայլեր չեն ձեռնարկում։

Կոտայքի մարզի Արգել (Լուսակերտ) և Կարենիս (Գյումուշ) գյուղերը իրարից բաժանվում են Հրազդան գետով՝ գեղատեսիլ կիրճով։ Գյումուշի հիդրոէլեկտրակայանի հյուսիսային մասում՝ Հրազդան գետի առափնյա տարածքներն անտառային նշանակություն ունեն։

Այդ հողատարածքներից 2100 քմ մակերեսով տարածք է վարձակալել «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս տեղեկությունը մենք չենք ստացել Անտառային կոմիտեից, քանի որ Կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հրաժարվեց մեզ տրամադրել վարձակալների վերաբերյալ տեղեկությունը՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ վարձակալված տարածքի մակերեսի, վարձակալի անվան, վարձակալության վճարի և նախատեսվող գործունեության ծրագիրն անձնական տվյալ է, և դա տրամադրելու համար անհրաժեշտ է ստանալ վարձակալների թույլտվությունը։ «Հետքը» նախկինում առանց խոչընդոտի վարձակալների վերաբերյալ տեղեկատվություն է ստացել Անտառային կոմիտեից: Թե ինչու է այժմ Անտառային կոմիտեի նախագահը խուսափում վարձակալների տվյալները հայտնելուց, հետագայում առանձին կանդրադառնանք։

2100 քմ մակերեսով հողամասը վարձակալության տրամադրելու մրցույթը տեղի է ունեցել 2023 թ.-ի մայիսին։ Անտառային կոմիտեի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ տարածքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» «Արզնիի» անտառապետության տարածքում։ Հողամասը վարձակալության է տրվել տարեկան 233 հազար դրամ վճարի դիմաց, 15 տարի ժամկետով։ Վարձակալության նպատակը՝ «հանգստի և զբոսաշրջության կազմակերպում»։

Անտառային հողը վարձակալած «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրել է ոստիկանության գնդապետ Աշոտ Նալբանդյանը 2019 թ.-ին, ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը նրան են պատկանում։ Աշոտ Նալբանդյանը 2016 թ․-ին մասնակցել է Արգել համայնքի ղեկավարի ընտրություններին, սակայն ձայների էական տարբերությամբ պարտվել է ՀՀԿ-ական Մաթևոս Ավագյանին։

Աշոտ Նալբանդյանը Նարեկ Նալբանդյանի եղբայրն է, որը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո տեղի ունեցած մի քանի բիզնես գործարքներով։ Նախորդ տարի նա ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործի առարկա Մոնումենտի առանձնատունը, իսկ դրանից առաջ Նալբանդյանի հիմնադրած ընկերությունը գնեց Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, որը պետությանը նվիրել էր Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը՝ փողերի լվացման մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործը կարճելուց հետո։

Աշոտ Նալբանդյանի վարձակալած հողամասի անմիջական հարևանությամբ գտնվող անտառային հողը նույնպես վարձակալության է տրվել։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» «Արզնիի» անտառապետության տարածքից 1000 քմ հողամասը 2023 թ.-ի մարտ ամսին վարձակալել է Արգել գյուղի բնակիչ Գոռ Գևորգյանը։ Վերջինս նույնպես Արգել համայնքում մասնակցել է ընտրությունների, սակայն, չստանալով բավարար ձայներ՝ չի  ընդգրկվել համայնքի ավագանու կազմում։

«Հայանտառը» հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով այս հողատարածքը վարձակալության է տվել 10 տարի ժամկետով։ Աճուրդում վարձակալության տարեկան վճարի չափը սահմանվել է 111 հազար դրամ։ Վարձակալ Գոռ Գևորգյանը ցանկապատել է տարածքը, մի քանի փայտաշեն տաղավարներ է տեղադրել։

Անտառային հողի վարձակալը նեղացրել է Հրազդան գետի հունը

Ի տարբերություն նախորդ վարձակալների՝ Հրազդան գետի առափնյա տարածքի մյուս վարձակալը՝ Արման Հարությունյանը, առանց համապատասխան թույլտվությունների հողային աշխատանքներ կատարելուց բացի, փոփոխել, նեղացրել է Հրազդան գետի հունը։ Այդ աշխատանքներից հետո, երբ այցելեցինք տարածք՝ նկարահանում կատարելու, արձանագրեցինք հարևանությամբ արմատախիլ արված ծառերի մնացորդներ։ Ենթադրվում է, որ դրանք հանվել են վարձակալված տարածքից։

Արգել գյուղի բնակիչ Արման Հարությունյանը «Հայանտառ»-ից երկու հողատարածք է վարձակալել։ 1300 քմ հողամասը գտնվում է Հրազդան գետի՝ Կարենիս գյուղին հարող ափում, մյուսը՝ 1200 քմ-ն՝ Արգել գյուղին հարող ափին։ Երկու հողամասերը բաժանում է գետը։ Հողամասերի վարձակալության աճուրդը տեղի է ունեցել 2022 թ.-ի դեկտեմբերին։ Հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով 15 տարով վարձակալության տրված հողամասերի վարձավճարները սահմանվել են համապատասխանաբար 144 և 143 հազար դրամ։

Արման Հարությունյանի վարձակալած տարածքներում հողահարթեցման աշխատանքներ էին կատարված, իսկ Հրազդան գետի հունը նեղացվել է։

Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը «Հետք»-ին ասաց, որ հողային աշխատանքներ կատարելիս ինքը վարձակալներին ասել է, որ իրավունք չունեն շինարարություն իրականացնել առանց համայնքի ղեկավարի կողմից տրվող շինթույլտվության։ «Ես առաջին օրն էլ ասել եմ, որ թեկուզ հողային աշխատանքի համար, պետք է շինթույլտվություն ունենան։ Մենք մինչև անգամ դադարեցրել ենք իրենց աշխատանքները»,– նշեց բնակավայրի վարչական ղեկավարը։ Ըստ նրա՝ վարձակալն իրեն ասել է, թե հիմնական շինություն չեն կառուցելու, շինթույլտվության կարիք չունեն, իսկ մնացած աշխատանքները «Հայանտառից» թույլատրել են։

Արմեն Բաղդասարյանը նկատեց, որ անտառտնտեսությունը պետք է վերահսկեր վարձակալների աշխատանքը։ Մեր դիտարկմանը, որ թեև անտառտնտեսությունը պետք է վերահսկի վարձակալներին, բայց քաղաքաշինական գործունեության նկատմամբ համայնքի աշխատակազմն է հսկողություն, վարչարարություն իրականացնում, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց պահանջով դադարեցրել են հողային աշխատանքները, սակայն տեղյակ չէ՝ համայնքապետարանում վարույթ սկսե՞լ են, թե՞ ոչ։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Գլխավոր նկարում՝ Նարեկ Նալբանդյանը

 

Մեկնաբանություններ (2)

Սիմոն Պետրոսյան
Բարդակ են սարքել
Սիմոն Պետրոսյան
Հրաժարվել են վարձակալների անունները տալ, քանի որ դրանց մեծ մասը կապ ունեն սահմանափակ թվով անձերի անունների հետ։ Մենք անտառը կայացրեցինք իսկ ներկայումս ամեն կերպ կամ թերանում են կամ էլ վարձակալության տալիս արտոնյալներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter