HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Չարենցավանի համայնքապետը նախկին պատգամավոր Վահան Հարությունյանից 223 միլիոն դրամ եկամուտ է ստացել

2022 թվականին Հայաստանի 71 համայնքների ղեկավարների շարքում ամենաշատ եկամուտ ունեցածներից մեկը Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանն է։

Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդին է, Չարենցավանի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից։

Ըստ համայնքապետի՝ 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնյան նախորդ տարի 249 մլն 425 հազար դրամ եկամուտ է ունեցել։

Սրա գերակշիռ մասը՝ ավելի քան 223 մլն դրամը, Շահգալդյանը ստացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանից, որպես եկամտի տեսակ՝ նշված է «այլ եկամուտ»։ Հայտարարագրում նշված է նաև, որ 2022-ի ընթացքում Հակոբ Շահգալդյանը նույն Վահան Հարությունյանին 111,5 մլն դրամ փոխառություն է հանձնել։

«Հետքի» հետ զրույցում Հակոբ Շահգալդյանը նշեց, որ 2022-ին Վահան Հարությունյանին վաճառել է «Արմավտո» ԲԲԸ-ի իր մասնաբաժինը (20,8%)՝ շուրջ 223 մլն դրամով։ Դրա կեսը, Շահգալդյանի խոսքով, Հարությունյանը վճարել է 2022-ի դեկտեմբերին, որը համայնքապետը բանկում ավանդ է դրել (245 հազար ԱՄՆ դոլար): Մյուս մասը՝ 111,5 մլն դրամը, որպես Վահան Հարությունյանին հանձված փոխառություն՝ նշված է հայտարարագրում։ Շահգալդյանի խոսքով՝ Հարությունյանը այդ գումարը վճարել է 2023-ի փետրվարին։

Վերադառնալով եկամուտներին՝ Չարենցավանի համայնքապետը 7 մլն դրամի եկամուտ է ստացել «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ում իր ունեցած շահաբաժնից։ Շահգալդյանը 9 մլն և 3,5 մլն դրամ վարկ է վերցրել «Ակբա բանկից», 639 դոլար էլ կազմել է «Արդշինբանկին» տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը։ Մոտ 6 մլն 400 հազար դրամն էլ եղել է համայնքապետի աշխատավարձը։

Շահգալդյանը 20 անշարժ գույք է հայտարարագրել, որոնցից 18-ը՝ միանձնյա սեփականության իրավունքով, 2-ը՝ բաժնային (50%)։ Այս ցուցանիշով Չարենցավանի համայնքապետը պաշտոնակիցներից զիջում է միայն Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին (51) և Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանին (29)։

20 անշարժ գույքից 18-ը գտնվում են Կոտայքի մարզում, 2-ը՝ Երևանում (Կենտրոն վարչական շրջանում բնակարան և ավտոտնակ)։ Վերջին անգամ անշարժ գույք Շահգալդյանը ձեռք է բերել 2019-ին․ բնակարան է նվեր ստացել Չարենցավան համայնքում։

Ըստ Շահգալդյանի հայտարարագրի՝ պաշտոնյան մասնակցություն ունի առևտրային 3 կազմակերպությունում։ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ն, որն ամբողջությամբ պատկանում է համայնքապետին, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, գործունեություն է ծավալում հանրային սննդի կազմակերպման ոլորտում։ Այս ընկերությունից Շահգալդյանը նախորդ տարի 7 մլն 248 հազար դրամ եկամուտ է ստացել։ Հայտարարագրում նշված մյուս ընկերություններից՝ «Կարկոր» ՍՊԸ-ից և «Արմկոմպոզիտ» ՍՊԸ-ից, որոնցում Շահգալդյանի մասնակցության չափը 50% է, պաշտոնյան եկամուտ չի ստացել․ գազամատակարարման ոլորտում գործունեություն իրականացնող «Կարկոր» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, սնանկ է ճանաչվել, իսկ մետաղե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող «Արմկոմպոզիտ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Չնայած տարվա ընթացքում հայտարարագրած մոտ 250 մլն դրամ եկամտին՝ Հակոբ Շահգալդյանի դրամական միջոցները՝ կանխիկ գումարն ու բանկային հաշիվների մնացորդները, չեն շատացել։ Համայնքապետը տարվա վերջում կանխիկ 9 մլն 700 հազար դրամ է հայտարարագրել, որը տարեսկզբին կազմել է 21 մլն դրամ, և 15 հազար ԱՄՆ դոլար, որը տարեսկզբին չի եղել։ Բանկային հաշվի մնացորդն էլ, ըստ հայտարարագրի, տարվա վերջում 0 դրամ է։ Փոխարենը՝ համայնքապետը տարվա վերջում 245 հազար ԱՄՆ դոլար բանկային ավանդ է հայտարարագրել, որի գումարը, ինչպես արդեն նշել ենք, ստացել էր Վահան Հարությունյանին վաճառված բաժնեմասից։

***

«Հետքը» շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը։ Առաջիկայում հայտարարագրերի վերաբերյալ նոր հրապարակումներ կունենանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter