HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ավագանիների կազմում ընդգրկված կանայք շարունակաբար հրաժարվում են մանդատներից

Չարենցավան համայնքի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Աննա Բալյանը այս տարվա հունիսի 14-ին հրաժարվել է մանդատից: Նրա մանդատը փոխանցվել է ցուցակում ընդգրկված տղամարդկանցից մեկին, քանի որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած ավագանու 81 հոգանոց ընտրացուցակի 22 կանայք ինքնաբացարկ էին ներկայացրել դեռևս 2022թ. նոյեմբերին՝ մանդատները ստանալու օրը: Չարենցավան համայնքի ավագանու կազմում ՔՊ-ն 11 մանդատ ունի, որից երեքը կանայք էին ստանձնել: Վերջին բացարկից հետո այս խմբակցության կազմում երկու կին կա:

2022թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ավագանու համամասնական կարգով ընտրություններին Չարենցավան համայնքում մասնակցել է երեք քաղաքական ուժ: Ներկայում 27 հոգանոց ավագանու կազմում երեքն են կին, ևս մեկը ներկայացնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որն ավագանու կազմում 2 մանդատ ունի:

Ամենամեծ թվով մանդատ ստացած քաղաքական ուժը՝ «Միասնական համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է համայնքի երկարամյա ղեկավար Հակոբ Շահգալդյանը, ստացել է 14 մանդատ: Բոլոր մանդատները տրվել են տղամարդկանց, քանի որ դաշինքի 51 հոգանոց ցուցակում ընդգրկված բոլոր 16 կանայք ԿԸՀ-ում գրանցվելու նախօրեին ինքնաբացարկ են հայտնել:

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջն է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր եռյակում մեկ կին ընդգրկված լինի: Ընտրացուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70%-ը (Ընտրական օրենսգիրք, 83-րդ հոդվածի 4-րդ մաս):

Քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությունն ապահովելը կանանց շահերի պաշտպանություն իրականացնող կազմակերպությունների համար ռազմավարական նպատակ էր: Նրանց միասնական ջանքերով քվոտաներ սահմանելու պահանջն առաջին անգամ օրենքի ուժ ստացավ 2003թ.-ին՝ կուսակցությունները պարտավոր էին ընտրացուցակներում կանանց 5% մասնակցություն ապահովել: 2016թ.-ին «Ընտրական օրենսգիրք»-ը կանանց 25% մասնակցություն ապահովելու պահանջ սահմանեց, այնուհետև այն փոփոխվեց 30%-ի, որն առաջին անգամ կիրառվեց 2021թ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

Օրենսդրության այս պահանջին կանանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները հասան տասնամյակների համառ ջանքերով, սակայն ոչ մի համայնքում ավագանին կանանց այդպիսի ներկայացվածություն չունի: Ավելին, կան համայնքներ, որոնց ավագանու կազմում ոչ մի կին չկա, ինչպես Ապարան համայնքում:

Ապարանում 2021թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ավագանու համամասնական կարգով ընտրություններին մասնակցել է երկու քաղաքական ուժ՝ գործող համայնքի ղեկավարի ներկայացրած «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, որը ստացել է 14 մանդատ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ունի 7 մանդատ: Երկու կուսակցությունների ընտրացուցակներում ընդգրկված կանայք մանդատները ստանալու օրն ինքնաբացարկ են ներկայացրել, և ավագանու կազմում այսօր միայն տղամարդիկ են:

Ապարան համայնք․ «Կարեն Եղիազարյան» դաշինքի ցուցակը

«Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ն կանանց համար քվոտաներ սահմանելու ջատագովներից է եղել: Կազմակերպության նախագահ, womennet.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանն ասում է, որ երբ այդ երևույթներն ի հայտ եկան, իրենք փորձեցին պատճառները պարզել՝ զրուցելով և՛ կուսակցությունների ղեկավարների, և՛ ինքնաբացարկ ներկայացրած կանանց հետ: Նրանք, հիմնականում, համոզիչ փաստարկներ չունեին, թե ինչու են կանայք հրաժարվում մանդատներից, որից կարողանային հետևություններ անել:

«Մեր փորձագիտական գնահատականն այն էր, որ պատճառները պետք է փնտրել քաղաքական ուժի կայացվածության մեջ։ Որքանով է կայացած տվյալ քաղաքական ուժը, և որքանով են կանայք ներգրավված կուսակցական գործունեության մեջ։ Եկանք այն եզրակացության, որ, ըստ էության, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կանանց ընդգրկում են ավագանու ընտրացուցակում, քանի որ Ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելու պարտադիր պահանջներից է»,- հայտնեց Թ. Հովնաթանյանը:

Վերջինս մտահոգիչ է համարում, որ քաղաքական ուժերն, ըստ էության, կայացած չեն, տեղական կառույցներ չունեն, համապատասխան թվով կանայք չկան նրանց կազմում, բայց ձգտում են մասնակցել ընտրություններին: Տեղերում կադրեր չունենալով հանդերձ՝ շատ արագ դաշինքներ, քաղաքական ուժեր են կազմավորել ավագանու ընտրություններին մասնակցելու համար: «Հասկանալի է, որ կարճ ժամանակամիջոցում նրանք պատրաստ չէին կանանց այդպիսի զանգվածային ներգրավվածություն ապահովել: Փորձել են լուծումներ գտնել, ինչը հանգեցրել է նրան, որ ընտրացուցակում կանայք ընդգրկվել են միայն օրենքի պահանջն ապահովելու համար՝ մինչև փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելը, իսկ հետո, հիմնականում, հրաժարվել են հասարակական գործունեությունից»,- նշեց Թամարա Հովնաթանյանը։

«Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի ղեկավարի ասածի հաստատումն է նաև Ճամբարակ համայնքի ավագանու օրինակը: 2022թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Ճամբարակ համայնքում մասնակցել է միայն «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: Կուսակցությունը հիմնադրվել է 2020թ. մայիսին, կուսակցության նախագահ Սուրիկ Սուրենյանցը 2021թ. ՏԻ ընտրությունների ժամանակ Նոր Հաճն համայնքում գլխավորել է ավագանու ընտրացուցակը և ոչ մի մանդատ չի ստացել (ընդամենը 156 քվե են ստացել):

2017թ.-ից Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը 2022թ.-ի ավագանու համամասնական կարգով ընտրություններին ներկայացել է այս կուսակցության անունով՝ գլխավորելով ավագանու 44 հոգանոց ընտրացուցակը: 2022թ. օգոստոսի 4-ին ԿԸՀ-ն հաստատել է կուսակցության ներկայացրած ավագանու ցուցակը, և նույն օրն էլ նրանում ընդգրկված 11 կանայք հետ են վերցրել փաստաթղթերը:

ԿԸՀ-ն նորընտիր ավագանուն մանդատներ է հանձնել 2022թ. հոկտեմբերի 6-ին, այդ օրն էլ ինքնաբացարկ է ներկայացրել ցուցակի առաջին եռյակում ընդգրկված կինը: Ներկայում համայնքի 21 հոգանոց ավագանու կազմում երկուսն են կին և ոչ մի երաշխիք չկա, որ նրանք կպահպանեն հինգ տարով տրված ավագանու մանդատը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ 2022թ. վերջին կանայք ավագանու կազմում 22,6% են եղել։ Այս թիվը ոգևորել էր քվոտաներ հատկացնելու լոբբինգում ներգրավված քաղաքացիական հասարակությանը, սակայն դրանից հետո մանդատներից հրաժարումները շարունակական են դարձել: Քաղաքացիական հասարակությունը շարունակում է լուծումներ փնտրել և քննարկումներ է իրականացրել պետական կառույցների հետ: Արդարադատության նախարարությունը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների մեծ փաթեթ է ներկայացրել, որտեղ ներառվել է նաև նրանց առաջարկը:

ՀԿ-ների առաջարկով օրենսգրքի 141 հոդվածի 6-րդ և 8-րդ մասերում նոր նախադասություն է ավելացվել. «Եթե ընտրական ցուցակում նվազ ներկայացված սեռի թեկնածուներ չկան, ապա այդ մանդատը մնում է թափուր»։

Օրենսգիրքը սահմանում է, որ եթե ընտրության արդյունքով կուսակցության մանդատների 70%-ից ավելին բաժին է հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի՝ 70%-ը գերազանցող մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե այդպիսիք առկա են՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30%-ից ոչ պակաս ներկայացվածություն։ Եթե կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր։

Թամարա Հովնաթանյանը համոզված է, որ այս փոփոխությունից հետո կուսակցություններն ամեն ինչ կանեն, որ կանայք մնան ընտրացուցակում, հակառակ դեպքում կկորցնեն իրենց մանդատները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter