HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենիքը՝ կյանքից առավել․ Գագիկը գնաց՝ Հայաստանում ապրելու ու ստեղծագործելու երազանքն աչքերում

Սյուզի Մուրադյան 

1997 թվականի ձմեռն էր։ Խաչատուրյանների ընտանիքը սպասում էր առաջնեկին։ Ձյան առաջին փաթիլների հետ ծնվեց Գագիկն ու խոստացավ աշխարհում աճող չարի ու անտարբերության մեջ լինել այն փոքր լույսը, որը մարդկանց օգնելու է ապրել ու չհանձնվել։ 

Ծնվեց հարազատ Երևանում, բայց մանկության տարիները անցկացրեց Թբիլիսիում։ 

Տաղանդավոր փոքրիկը սիրում էր երաժշտություն, Վրաստանում հայկական երգչախմբի մենակատարն էր։

«Բարև, ես Գագիկն եմ, մինչ խոսելը, սկսել եմ երգել, մինչ քայլելը՝ վազել»,- եղբոր հայտնի արտահայտություններից մեկը մեջբերում է Լիանան։ Պատմում է, որ երաժշտության հանդեպ մեծ սերը սերմանել է մայրը, իսկ տարիների ընթացքում, ինչպես Գագիկն էր ասում, երաժշտությունը դարձել էր օդի պես մի բան։

Վեց տարեկանում սկսեց հաճախել Թբիլիսիի հայկական դպրոց, ու տաղանդավոր փոքրիկը միանգամից աչքի ընկավ։ Հանդեսների, թատերական ներկայացումների համն ու հոտն էր։ 

Լիանան հիշում է՝ դպրոցից վերադառնալիս միշտ ստուգում էր եղբոր պայուսակը՝ կոնֆետ գտնելու հույսով, իսկ Գագիկը երբեք քրոջը չէր հիասթափեցնում։

«Լուռ նայում էր՝ ինչպես եմ վայելում կոնֆետները։ Երջանկանում էր շրջապատին երջանկացնելով»,- ասում է քույրը։

Արդեն 2008 թվականին Գագիկի ընտանիքը որոշեց վերադառնալ հայրենիք։ 11-ամյա երեխան միշտ թաքուն երազում էր Հայաստանում ապրելու մասին, ու երևի հենց այդ սերը նրան օգնեց հաղթահարել հայրենիքում իրեն սպասող դժվարությունները։

«Երբ կան խնդիրներ քո կյանքում, երբ կյանքը դժվար է թվում, դու փորձիր ժպտալ ու երգել»,-ասում էր Գագիկը։

Եթե շատ երեխաներ այդ տարիքում մտածում էին ամառային արձակուրդի կամ դասերն արագ ավարտելու ու ընկերների հետ բակում խաղալու մասին, Գագիկն այդ շրջանում մտածում էր՝ ինչպես հարմարվել հայաստանյան կյանքին։

«Դժվար էր։ Ասում էր՝ ինչպես Վրաստանում դու վրացի չես, այնպես էլ Հայաստանում հայ չես։ Քեզ լիակատար հայ չեն ընդունում, քանի որ տարբեր ես խոսքով, ոճով։ Դու այստեղ սփյուռքահայ ես։ Հայաստանը պաշտում էր, բայց և Թբիլիսին մեծ անկյուն ուներ սրտում»,-ասում է քույրը։

Գագիկն ընդունվեց Երգի պետական թատրոն, և կարճ ժամանակ անց հայաստանյան կյանքը գունավորվեց մի միջավայր, որը, ըստ նրա, թույլ տվեց ինքն իրեն սիրել Հայաստանում՝ որպես իսկական հայ։ Գագիկը մասնակցում էր բազմաթիվ մրցույթների ու հեռուստաշոուների, ստանում պատվոգրեր ու գրավում լսարաններ։

Արդեն տասներորդ դասարանում հիմնում է երաժշտական խումբ, որն ամեն տարի ներկայացնում էր Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգերի իրենց տարբերակը։

Առավոտները միշտ բացվում էին երաժշտության բարձր հնչյուններով։ Հարևանների սրտով չէր, բայց չէ՞ որ Գագիկի համար երգը օդի պես մի բան էր։

Ինչպես պատմում է քույրը, Գագիկը շատ նպատակներ ուներ, որոնք բարձր հայտարարելու համար չէին, այլ՝ լուռ ու քրտնաջան աշխատելու։

2015 թվականին Գագիկն ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին, ավելի ուշ սկսեց երգել նաև Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում։ Լիանան պատմում է, որ երբեմն մինչև ուշ գիշեր մնում էր կոնսերվատորիայում, նախագծեր մշակում։ Մեծ, շատ մեծ շրջապատ ուներ, բոլորին հավաքում ու պատմում էր իր գաղափարների մասին, ապրելու անհագուրդ ցանկություն ուներ։

«Երբ օրվա ավարտին պատմում էր՝ ինչեր է արել, զգում էի, որ իսկապես ապրել է այդ օրը։ Նվիրված էր մեզ, շրջապատին, կյանքին ու ինքն իրեն։ Ուզում էր հասցնել անել ամեն ինչ ու չէր հոգնում։ Ապրելու ճիշտ բանաձևն էր գտել։ Մի բան, որ շատերիս պակասում է։ Գագիկի համար օրը ստացված էր, եթե մի օգտակար գործ էր արել կամ մեկին երջանկացրել»,- ասում է քույրը։

Բանակ զորակոչվելու շրջանն էր, Գագիկն ուներ այլընտրանք՝ ծառայել Վրաստանում, բայց միթե դպրոցական տարիներին հայրենիքում ապրելու ու ստեղծագործելու երազանքով ապրած Գագիկը կարող էր ընտրել այլ երկիր։ «Քիչ էր, Հայաստանում ապրած ժամանակը շատ քիչ էր՝ իր ձգտած հավերժության համեմատ»։

Ասում էր՝ եթե կարիք լինի, նույնիսկ ամենաթեժ կետեր եմ գնալու։ Ու գնաց Մեխակավան (Ջաբրայիլ)։

«Չգիտես՝ ինչն էր իրեն հուշում, բայց անընդհատ կրկնում էր՝ գնալու եմ, պատերազմ սկսվի։ Վերջին արձակուրդի ժամանակ ընկերներից մեկին ասել էր՝ եկեք, հավաքվենք, միգուցե էլ հնարավորութուն չունենամ ձեզ տեսնելու»,- պատմում է քույրը։

Գագիկը նույնիսկ ծառայության ժամանակ էր աչքի ընկել իր բացառիկ առաջադիմությամբ։ Մեկ տարի անց կրտսեր սերժանտի կոչում էր ստացել, շատ ընկերներ ձեռք բերել, որոնք Լիանայի խոսքով՝ այսօր էլ շարունակում են այցելել իրենց։ «Բանակում բոլորը Գագիկին շատ սիրում էին, ինքն էլ բոլորին էր շատ սիրում, պատերազմի օրերին ում հարցնում էինք, ճանաչում էին նրան, բայց ցավոք, ոչ ոք տեղեկություն չուներ եղբորս գտնվելու վայրի մասին»։

Գագիկը բանակում գիրք էր գրել իր հին ու լավ ընկերների մասին։ Հինգն էին՝ միշտ միասին, անբաժան։

«Նայեցի աստղերին, անհամար աստղերին ․․․ մի մասը փայլում էր, մի մասը խամրած էր։ Տեսնես՝ քանի աստղ կա, միգուցե, 2192, այնքան որքան օր մենք էինք անցկացրել։ Ու սկսեցի ուշադիր զննել յուրաքանչյուրը։ Սեղմում էի աստղի վրա, և դա իմ առաջ բացում էր մեր անցկացրած օրերից մեկը։ Փայլուն աստղերն ինձ հիշեցրին լավ, իսկ խամրած աստղերը՝ վատ օրերը․․․ 2192 աստղ․․․»,- գրել էր Գագիկը։

Նրա համար անհնարին որևէ բան չկար, նույնիսկ այդքան հեռու լինելով՝ բանակից պարտադիր անակնկալներ էր կազմակերպում հարազատների ու ընկերների ծննդյան օրերին։

Իսկ Մեխակավանը, որտեղ ծառայում էր Գագիկը, մայրամուտով ու աստղազարդ երկնքով հիանալու հարազատ վայրերից էր դարձել։ «Մեզ անվերջ պատմում էր այդ գեղեկցության մասին, նկարներ ուղարկում, մենք էլ զարմանում էինք՝ ախր Մեխակավանում ո՛չ ծառ կա, ո՛չ ծաղիկ, ի՞նչն էր այդքան հավանել։ Բայց եղբորս աչքերում ամեն ինչն էր գեղեցիկ։ Նա էր ընտրել այդպես ապրել ու տեսնել շրջապատը։ Նա խավարը լույսով փոխարինելու առաքելությամբ ապրող իմ Գագն էր, կյանքիս կարևոր խորհրդատուն»,- շարունակում է Լիանան։

Գագիկը պատերազմում ծառայակից ընկերներին մենակ չթողած ու մինչև վերջին շունչը պայքարը հավատով շարունակած բազում զինվորներից մեկն է՝ նահատակված, բայց անմահացած հայրենիքը կյանքից առավել սիրող զինվորներից մեկը, որը գնաց՝ Հայաստանում ապրելու ու արարելու երազանքն աչքերում։

Հոկտեմբերի երկուսին զանգել էր ընկերներից մեկին, ծնունդը շնորհավորել։

«Շնորհավո՜ր, լսու՞մ ես, քեզ համար հրավառություն ենք կազմակերպել»։ Հեռվից լսվում էին կրակոցի ձայները։ Դա Գագիկի կյանքի վերջին զանգն էր։

Գագիկը շատ էր սիրում ձմեռը, երևանյան թաց փողոցներն ու լույսերը։ 2019 թվականին մի քանի օրով վերադարձել էր բանակից, ազդարարել 2020 թվականի գալիքը՝ քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելով ու երևի չգիտակցելով անգամ, որ գնում է… գնում է՝ բոլորի սրտերում թողնելով մի-մի կտոր այդ լույսերից։ Քրոջ հիշողության մեջ եղբայրը մնացել է որպես հեղինակություն, ասում է՝ Գագիկը մինչ օրս էլ իր լույսով ցույց է տալիս ինձ ճիշտ ճանապարհը։ Դժվար պահերին, անորոշ իրավիճակներում ուղղորդում է, սովորեցնում՝ ինչպես ապրել ճիշտ ու արժանապատիվ կյանք։

«Ուզում եմ նմանվել եղբորս, նրա տեսակը շատ ուրիշ է»։

Գագիկի մասին այսօր էլ խոսելիս Լիանան շարունակում է օգտագործել ներկա ժամանակաձևը, ասում է՝ եղբայրս կա ու միշտ էլ կլինի, ուղղակի հեռու է։

«Ու երբ ձմեռը նորից գա, անհամբեր կսպասեմ ձյան առաջին փաթիլներին ու հաստատ կիմանամ՝ Գագս է եկել․․․»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter