HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոյանը Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում խոսել է Արցախի հումանիտար ճգնաժամից

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն ու դրա ծայրահեղ բացասական հետևանքները ԼՂ ժողովրդի համար: Նախարարն ընդգծել է հունիսի 15-ից ԼՂ լիակատար շրջափակման հետևանքով հատկապես բնակչության խոցելի խմբերի՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայությունն ու իրավիճակի լրջությունը: 

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմները թիրախային  օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը: 

Հաշվի առնելով ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը՝  ընդգծվել է նաև ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հուլիսի 25-ի հայտարարությանը ԵՄ անդամ երկրների լիակատար աջակցության և ուղերձների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի հետագա փոխգործակցությանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter