HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը «Հարսնաքարի» «վայրագության» կապակցությամբ

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17 -ին տեղի ունեցած դաժան ծեծի առիթով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նույն օրը հարցազրույց է տվել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ Կոնգրեսի անունից դատապարտելով տեղի ունեցած վայրագությունը։ Ինչ-որ պատճառով հարցազրույցը չի գնացել եթեր։ 

Տեղի ունեցած միջադեպը, որը ծանր հետեւանքների է հանգեցրել եւ, բժիշկների կարծիքով, ընդհուպ կարող է մարդկային կյանք արժենալ, իր տեսակի մեջ միակը չէ։ Ամենահայտնի այդօրինակ դեպքը Պողոս Պողոսյանի դաժան սպանությունն էր «Առագաստ» սրճարանում Ռ. Քոչարյանի թիկնապահների կողմից։

Ավազակապետության պարագլուխ իշխանավորներն իրենց օրենքից ու Սահմանադրությունից վեր դնելով, նույնպիսի կարգավիճակ են շնորհել նաեւ այն օլիգարխներին, որոնց դարձրել են ռեժիմի սպասարկուներ։ Վերջին այդօրինակ դրվագը Վարդգես Գասպարի դեմ երկու օր առաջ կիրառված բռնությունն էր Ազգային ժողովի դիմաց Սամվել Ալեքսանյանի ու նրա թիկնապահի կողմից։ 

Օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած վայրագ ծեծի արդյունքում մահվան դուռն են հասցվել բանակի բժիշկ սպաներ Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը։ Մամուլի եւ հասարակական քննարկման ակտիվ հակազդեցության շնորհիվ միայն ոստիկանությունն ստիպված եղավ ինչ-որ մարդկանց ձերբակալել սույն գործի շրջանակներում։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ տուժողներին դաժան ծեծի ենթարկողները ռեստորանի եւ Ռ. Հայրապետյանի անվտանգության աշխատակիցներն են եւ գործել են նրա գիտությամբ կամ թելադրանքով։ Գործի անաչառ եւ լիակատար չբացահայտումը եւ մեղավորներին արժանի պատիժ չտալը, ի թիվս այլ հետեւանքների, հատկապես կարող է ազդել բանակի բարոյահոգեբանական վիճակի ու մարտունակության վրա։

Հայ ազգային կոնգրեսը չի հանդուրժելու երկրի, նրա ժողովրդի հեղինակության համար նվաստացուցիչ, պետության հիմքերը քայքայող նմանօրինակ սանձարձակ դեպքերը եւ հայտարարում է, որ աչալուրջ հետեւելու է այս գործի հետագա ընթացքին ինչպես Կենտրոնական գրասենյակի, այնպես էլ խորհրդարանական խմբակցության մակարդակով։

Մեկնաբանություններ (2)

TIGRAN
4 or pahanjvec vor dobro vercnein brnelu hamar,,,,Heto el xosum en petutunic u petakanutunic,,,vorkan shat en mez shrjapatum
Ընթերցող
Փառք Աստծո, որ գոնե այս անգամ ՀԱԿ-ը իր մեջ ուժ գտավ հայտարարություններ անելու, թեև հայտնի չէ` իր խոսքի տերը կլինի թե ոչ: Եթե իր խոսքի տերը չեղավ, դա կլինի գահավիժում: ՀԱԿ-ը հիմա հայտարարություններ պետք է անի կրթական համակարգում կատարվող աննախադեպ դրամահավաքության շուրջ/ ատեստատների, դիպլոմների, վկայականների, զանազան պարտադրված միջոցառումների, ինչն էլ նպաստում է նոր ուսումնական տարում կաշառքով աշխատանքի մտնելուն. համար/: Եթե այս պահերին ՀԱԿ-ը մատաղ սերնդի դաստիարակությունը տեսնում է դրամահավաքության մեջ/այդ մասին է խոսում նրա պասիվ դիտորդի կարգավիճակը, հայտարարություններ չանելը, քար անտարբերությունը, իրականության մասին չխոսելը և այլն/, ապա վաղը հաստատ նա ձայներ չի հավաքի: Կրթության կոռումպացվածության մասին պետք է խոսել այս հանրահավաքին, ընդսմին ծանրակշիռ խոսքերով, ազդեցիկ տոնով, խայտառակելով բնագավառի պատասխանատու աշխատողներին, նրանց որակելով ազգադավներ, նրանց հրաժարականը րոպե առաջ պահանջելով և այլն, հակառակ դեպքում` ուշացած հայտարարությունները կդիտվեն պոպուլիստական վարք և կարժանանա արհամարանքի: Եթե այս հարցը այս օրերին է խեղդում մարդկանց և ՀԱԿ-ն էլ ասում է թե գործում է ժողովրդի համար, ապա պարզագույն տրամաբանություն է, որ այս մասին հատկապես հիմա պետք է խոսել, հակառակ դեպքում ՀԱԿ-ի դեմքը շփոթեցնելու է մարդկանց, իսկ մարդիկ շփոթությունից միշտ էլ խույս են տալիս: Ըստ իս ՀԱԿ իրողության ապագան կերևա մեկ երկու օրից: Գոնե այդ մասին է խոսում իմ խմբի կողմից կատարված հարցումները` մոտ երկու հարյուր հիսուն մարդկանց շրջանակներում, որոնց յոթանասունհինգ տոկոսը այդպես է կարծում, այսինքն կարծում է, որ ՀԱԿ-ի անելիքը և որ կարևոր է անելիքի որակը, կերևա հիմա: ՀԱԿ-ը վաղուց պետք է հայտարարություններ աներ վայրահաչ, սեռական բնույթի հայհոյանքներով օժտված պաշտոնավորների վերաբերյալ: Եթե չեն անում այդպիսի հայտարարություններ, ապա իրենց մեջ էլ կա այդ հատկությունը, եթե այդպիսի հատկությամբ են օժտված, ապա մարդկանց համար որն? է տարբերությունը թե ում ձայն տան: Պետք է մեկիկ մեկիկ հասարակությանը ցույց տալ թե ովքեր են իրենց բառապաշարով բարոյալքում հայ իրականությունը: Այսքանը անելուց հետո էլ Նիկոլին հարկ չի լինի երեսուն վայրկյանանոց հեղափոխության մասին խոսել, ինչը տարօրինակությամբ ընդունվեց հասարակության կողմից: Նիկոլը թող հասկանա, որ մի երկու բառով քննադատելը շատ քիչ է, քննադատության որակ գոյություն ունի: Քննադատությունը պետք է իր մեջ գործնություն/ուշադիր ոչ թե գործողություն/ պարունակի: Եթե ՀԱԿ-ը չընդունի ասածը, կամ ասի` դե անում ենք էլ, ապա ձեռք քաշեք ՀԱԿ-ից: Համենայնդեպս ՀԱԿ-ն ունի բոլոր հնարավորությունները մի քանի օրում մեր երկրում մթնոլորտ փոխելու: Կերևա.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter