
Էկվադորում նախընտրական հանդիպումից հետո սպանել են նախագահի թեկնածուին
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում սպանվել է նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն։ Այդ մասին հայտնում է տեղական El Universo պարբերականը։
Հարձակումն իրականացվել է օգոստոսի 9-ի երեկոյան՝ 59-ամյա քաղաքական գործչի նախընտրական հանդիպումից հետո։ Վիլյավիսենսիոյի թիմի անդամներից մեկի խոսքով՝ անհայտ տղամարդը կրակել է քաղաքական գործչի գլխին, երբ նա նստել է ավտոմեքենան։ El Universo-ն գրում է գլխին երեք կրակոցի մասին։
VIDEO: The moment Ecuador presidential candidate Fernando Villavicencio was assassinated https://t.co/eS9LaNYZcD
— BNO News (@BNONews) August 10, 2023
Էկվադորցի քաղաքական գործչին առանց կյանքի որևէ նշանի տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գրանցվել է նրա մահը։ Հարձակման հետևանքով տուժել է նաև 9 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Էկվադորի գլխավոր դատախազը հայտնել է, որ սպանության մեջ կասկածյալը սպանվել է քաղաքական գործչի թիկնապահի հետ փոխհրաձգության հետևանքով։ Նա մահացել է ստացած մարմնական վնասվածքներից։
Էկվադորի գործող նախագահ Գիլերմո Լասոն, մեկնաբանելով Վիլյավիսենսիոյի սպանությունը, հայտարարել է, որ այս հանցագործությունն «անպատիժ չի մնա»։
Ինչպես հայտնում է BBC News-ը, Վիլյավիսենսիոյի քարոզարշավը կենտրոնացած էր նաև կոռուպցիայի դեմ պայքարի վրա։ Նախորդ շաբաթ նա ասել էր, որ իրեն ու իր թիմի անդամներին սպառնում է հանցավոր խմբավորումներից մեկի առաջնորդը, որը կապ ունի թմրանյութերի առևտրի հետ։
Էկվադորում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կկայանան օգոստոսի 20-ին։ Ինչպես նշում է BBC News-ը, Վիլյավիսենսիոն նախագահի պաշտոնի ընտրապայքարում գլխավոր թեկնածուներից չէր։
Հուլիսի վերջին Էկվադորի նախագահ Գիլերմո Լասոն երկրի արևմտյան երեք շրջաններում արտակարգ դրություն էր հայտարարել և սահմանել պարետային ժամ այն բանից հետո, երբ հանգստյան օրերին այնտեղ սպանվել էր 8 մարդ, այդ թվում՝ Մանաբի պրովինցիայի Մանտա քաղաքի քաղաքապետ Ագուստին Ինտրիագոն։
Լուսանկարը՝ The New York Times-ից
Մեկնաբանել