HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«ՀՀ-ն Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից». Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել։ 2022թ. դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում գործող խանութները, դեղատները 2022թ. դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել։ Այս մասին Կառավարության օգոստոսի 11-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սույն թվականի հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով։

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության՝ ՀՀ կառավարական հանձնաժողովը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին դեպի ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել, և դեպի ԼՂ ուղևորված 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձոր գյուղի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ»։

Փաշինյանը հիշեցրեց, որ 19 բեռնատարներում սնունդ և դեղորայք է։

«Բեռի այս պարունակությունը հավաստվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետների և ցանկացած պահի կարող է վերահաստատվել Կոռնիձորում արդեն 16 օր կայանված բեռնատարների զննմամբ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ հետագայում հումանիտար շարասյանը միացել է ևս երկու բեռնատար. 9 տոննա քաղցրեղեն՝ արտադրող ընկերության կողմից, և 1 բեռնատար՝ 25 տոննա մակարոնեղենով Փարիզի քաղաքապետի և Ֆրանսիայի վարչական ղեկավարների անունից։

«Հումանիտար բեռների մուտքը դեպի ԼՂ արգելափակմանը չի տրվում ոչ մի բացատրություն։ Եթե մի պահ Ադրբեջանի այս գործելակերպը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելը, չդիտարկենք ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքստում, այսինքն՝ բացատրություն չկա, եթե այս հանգամանքը մի կողմ դնենք։

Ավելի ճիշտ, ԼՂ հումանիտար բեռների մուտքի արգելքը ավելի հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները։

Եվ իսկապես միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, ավելի ու ավելի բարձր, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948թ․ դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դիտանկյունից»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ, մանավանդ որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժն ապահովելու մասին։

«Ուշադրության է արժանի այն փաստը, որ միջազգային ամենաբարձր ատյանները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ամրագրեցին, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ, և որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանքի անխափան աշխատանքը։

Հատկապես հուլիսի 6-ի որոշումից հետո Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե հուլիսի 6-ի որոշմամբ Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, որ փետրվարի 22-ի որոշումը կատարված է և դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա, մինչդեռ սևով սպիտակի վրա բոլորովին այլ բան է գրված։

Ես անձամբ այդ որոշումը կարդացել եմ, բայց Ադրբեջանը շարունակում էր այդ մեկնաբանությունները»,- հայտնեց Կառավարության ղեկավարը՝ կարևորելով, որ միջազգային ատյանները, այդ թվում՝ ՄԱԿ բարձր ներկայացուցիչներն արձանագրեցին միջանցքի հետ կապված իրավիճակի՝ իրենց վերաբերմունքը հենց Արդարադատության միջազգային դատարանի որոշումների համատեքստում։

«Առավել ևս այս պայմաններում պիտի արձանագրեմ, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում։

ՀՀ-ն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- հայտնեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter