HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության համաձայնագիրը

Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Պատվիրակությունները քննարկել են հայ-լիտվական պաշտպանական համագործակցության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: ԼՂ հակամարտությանն առնչվող քննարկումների ժամանակ լիտվական կողմը նշել է, որ իրենք կողմ են հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հայ-լիտվական պաշտպանական համագործակցության իրավական հիմք հանդիսացող և 2002 թվականից գործող նախկին համաձայնագրի որոշ դրույթներ` Լիտվայի ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ դառնալուց հետո կորցրել էին իրենց արդիականությունը, բացի դրանից` անհրաժեշտություն էր առաջացել համաձայնագրի դրույթները համապատասխանեցնել զարգացող հայ-լիտվական պաշտպանական համագործակցության պահանջներին: Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության, պաշտպանական քաղաքականության և ռազմավարության, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման, միջազգային խաղաղության աջակցման, մարդասիրական գործողությունների, թիկունքային ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Այցի շրջանակներում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ներկա գտնվել մարտական հերթապահության, խաղաղապահ առաքելության տարրերի և հատուկ նշանակության ուժերի ցուցադրությանը:

ՊՆ-ն հայտնում է, որր այցի շրջանակերում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին կընդունեն ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter