
Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Վրաստանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։ Այդ մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իրակլի Կարսելաձեն։
Նրա խոսքով՝ օգոստոսի 11-ի երկրորդ կեսին հայտնաբերվել է ևս երկու մարդու դի։
Օգոստոսի 11-ի առավոտյան Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչ Թեմուր Մղեբրիշվիլին լրագրողներին հայտնել է, որ Ռիոն գետի հունում հայտնաբերվել է մեկ մարդու դի։ Բացի այդ, հայտնաբերվել է նաև մարդու մարմնի ստորին վերջույթ։
Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ զոհերից մեկն Ուկրաինայի քաղաքացի է։ Ալինա Պոլիկովսկայան աշխատում էր ուկրաինական հեռուստատեսությունում։ Զոհերի թվում կա նաև ՌԴ քաղաքացի։
Նախօրեին վրացական կողմը հայտնել էր, որ Շովիում շարունակվում են ևս 12 մարդու որոնողական աշխատանքները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Շովիում գրանցվել էր սողանք, իսկ աղետի գոտում մինչ օրս անդադար շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Այս գիշեր դրանք ժամանակավորապես դադարեցվել էին՝ հավանական քարաթափման վտանգի պատճառով։
Լուսանկարը՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել