
Չնայած ԱՄՆ ճնշումներին՝ Եգիպտոսը հրաժարվում է Ուկրաինային զենք մատակարարելուց
Միացյալ Նահանգները գարնան սկզբից փորձում է համոզել Եգիպտոսին, որ վերջինս զենք մատակարարի Ուկրաինային, սակայն Կահիրեն շարունակում է հրաժարվել։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ Ուկրաինային հրետանային արկեր, հակատանկային հրթիռներ, ՀՕՊ համակարգեր և հրաձգային զենքեր տրամադրելու համար, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիին էր դիմել դեռ այս տարվա մարտին, սակայն միանշանակ պատասխան չէր ստացել։ Ավելի ուշ՝ մասնավոր զրույցների ժամանակ, եգիպտական վարչակազմի անդամները հայտնել էին, որ չեն պլանավորում Կիևին զենք ուղարկել։
Միացյալ Նահանգների ու Եգիպտոսի ներկայացուցիչները չեն հաստատել այս ուղղությամբ բանակցությունների վարման վերաբերյալ պարբերականի տեղեկությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել էր, որ սպառազինության պաշարները, որոնք այդ երկիրը կարող է մատակարարել Ուկրաինային, ու առաջնահերթ հրետանային արկերը, սպառվում են։ Այդ իսկ պատճառով, ըստ Սպիտակ տան առաջնորդի, որոշում էր ընդունվել Կիևին փոխանցել կասետային զինամթերք։
Լուսանկարը՝ newarab.com-ից
Մեկնաբանել