HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովն առաջարկել է բացել Աղդամով ճանապարհը, իսկ մեկ օր անց՝ Լաչինի միջանցքը

Ռուսական «Коммерсант»-ը օգոստոսի 11-ին հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարվում Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամին և այն քաղաքական գործընթացներին, որոնք ընթանում են շրջափակված հայկական տարածքի շուրջ։

«Коммерсант»-ի լրագրող Վլադիմիր Սոլովյովը, հղում անելով ռուսական պետական ապարատում իր անանուն զրուցակցին, որը բավականին ծանոթ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններին, մանրամասներ է ներկայացրել։ Ընդ որում, հոդվածում չի նշվում, թե կոնկրետ երբ են վարվել այդ բանակցությունները։

Զրուցակիցը պնդում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջ է քաշել Լաչինի միջանցքի բացման՝ ռուսական կողմի տարբերակը, որին «սկզբում համաձայնություն է տվել ինչպես ադրբեջանական կողմը, այնպես էլ Արցախի իշխանությունները»։ Ըստ էության՝ պիտի բացվեր Աղդամով ճանապարհը ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդտեղով իրականացներ անհրաժեշտ փոխադրումները։ Իսկ Աղդամով երթևեկության մեկնարկից մեկ օր անց, ըստ Մոսկվայի առաջարկի, պետք է վերականգնվեր Լաչինի միջանցքով տեղաշարժը։

«Այս տարբերակը պատրաստվածության բարձր աստիճանի էր»,- ասել էր պարբերականի զրուցակիցը։

Ըստ ռուսական պարբերականի՝ դրանից հետո Ստեփանակերտը նախապայման է առաջ քաշել, որ «Լաչինի միջանցքը բացվի ոչ թե 24 ժամ անց, այլ անմիջապես»։ Դրան էլ հաջորդել են Ստեփանակերտի այն հայտարարությունները, որ չպետք է մատակարարվեն ադրբեջանական ծագման ապրանքներ, ինչպես նաև տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի առևանգումը։ Դրա պատճառով էլ, ըստ «Коммерсант»-ի, կողմերը համաձայնության չեն եկել։

Պարբերականի զրուցակիցը նաև նշում է, որ Մոսկվայում իրավիճակը գնահատում են բարդ և կարծում, որ Բաքուն զիջումների չի գնա։ «Իրավիճակը ինչ-որ կերպ հանդարտացնելու բոլոր փորձերը, որոնք մենք, արևմտյանները, միջազգային կազմակերպություններն անում են, ոչնչի չեն հանգեցնում։ Բաքուն հետքայլ չի անում»,- ասել է ռուսական պարբերականի զրուցակիցը։ Նա նաև նշել է, որ «ԼՂՀ իշխանությունները ևս համառում են»։ 

Այդուհանդերձ, «Коммерсант»-ի աղբյուրն այն կարծիքին է, որ Աղդամով ճանապարհը արդյունքում բացվելու է։

Արցախի իշխանություններն արձագանքել են ռուսական այս պարբերականում հրապարակված հոդվածին։

«Այս համատեքստում ցանկացած նախաձեռնություն, որը Լաչինի միջանցքի օգտագործումը, այն էլ ծայրաստիճան սահմանափակ ռեժիմով կապում է այլ հարցերի և այլընտրանքային երթուղիների հետ, այդ թվում նաև՝ Աղդամով, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր միջազգային պարտավորությունների խախտումն օրինականացնելու և այդ երկրի նախագահի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձ: Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող նման մոտեցումը կանխամտածված կերպով խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, ինչպես նաև հակասում է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտը պնդում է, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի և սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք և Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց:

«Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որ Լաչինի միջանցքն օգտագործվի բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման և գուցե Արցախից Հայաստան ծայրահեղ սահմանափակ ապրանքների տեղափոխան համար՝ Բաքվի համաձայնությունը ստանալուց հետո: Հրաժարվելով լիովին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով և առաջարկելով այլընտրանքային երթուղիներ՝ ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է կտրել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև գոյություն ունեցող խորը կապերը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից: Տվյալ նախաձեռնությունը միտված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը, որը հակամարտության համապարփակ, արդար և արժանապատիվ կարգավորման առանցքային տարրն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Karen Minasyan/AFP via Getty images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter