Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակը։
«Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։
5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։
Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվում բոլոր ուղևորների ինքնությունները հստակեցնելու, ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Այս պահին դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ' առողջական վիճակով պայմանավորված դրա անհնարինության պատճառով։
Քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա դեպքի վերաբերյալ թույլատրելիության սահմաններում ավելի համապարփակ տեղեկատվության հրապարակմամբ»,- նշված է գրառման մեջ։
Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեղց, ըստ որի՝ նախաքննության շրջանակներում կատարված` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
«Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:
Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել