HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միշտ` մայր

Ալի Աշրաֆ Դերվիշիանը ծնվել է 1942թ. Իրանի` Իրաքին սահմանակից Քերմանշահ քաղաքում: Մանկավարժական կրթություն ստանալուց հետո դասավանդել է Գիլանի և Շահաբադի գյուղական դպրոցներում: Այդ տարիները մեծ հետք են թողել նրա ստեղծագործական կյանքում: Չքավոր, սովի դեմ պայքարող, հալածված այդ գյուղացիներից շատերը դարձել են նրա պատմվածքների հերոսների նախատիպեր:

Հետագայում Դերվիշիանը տեղափոխվել է Թեհրան, ուսումը շարունակել Թեհրանի համալսարանի գրականության ֆակուլտետում:  Հեղափոխությունից առաջ մի քանի անգամ բանտարկվել է քաղաքական գործունեության պատճառով: Իր առաջին պատմվածքը նա գրել է բանտում:

Նա մի քանի պատմվածքների ժողովածուների, վեպերի հեղինակ է: Նրա գրքերը վերահրատարակվել են մի քանի անգամ և  շարունակում են հրատարակվել ու վերահրատարակվել:

Ալի Աշրաֆ Դերվիշիան
Միշտ` մայր

Քննիչը, մի գրքույկ ցույց տալով, հարցրեց` արդյո՞ք գիտեմ` ինչ գիրք է: Կտրուկ ասացի.

-Ոչ, բացարձակապես:

Շոայի նկարը ցույց տվեց.

-Նրան որտե՞ղ ես տեսել:

-Ոչ մի տեղ, չեմ ճանաչում:

Ուրիշ նկարներ էլ ցույց տվեց: Նույն պատասխանը տվեցի: Ինձ տարան սպիտակ, սալիկապատ մի սենյակ: Անցյալ գիշերվա թխամաշկ քննիչն էր սեղանի մոտ նստած: Սենյակի պատերին արյան բծեր կային: Քննիչի օգնականը մոտեցավ, ոլորեց թևս: Պաշտոնյաներից մեկն ասաց.

-Ավելի լավ է էլեկտրական աթոռը բեր:

Երկաթե սարքի ամրակները ամրացրին մարմնիս: Միացրին էլեկտականությունը: Ցնցվեցի: Այրվում էի, ասես կրակի մեջ լինեի: Հետո թվում էր` մրջյուններն են վրաս ման գալիս: Կրկնեցին նույն գործողությունը, հետո մտրակեցին, ապա` պատուհանի վանդակաճաղից կախեցին: Միայն այս սենյակի պատերին իրենց արյան հետքը թողած մարդկանց, երեխաներիս ու ընկերներիս հանդեպ սերն էր, որ ստիպում էր  լռել: Ես ընկել էի թշնամու ձեռքը և ամեն մի բառ կարող էր պատճառ դառնալ սիրելիներիս դժբախտության:

-Ջահանբախշին ճանաչու՞մ ես:

-Ոչ:

Ուրախացա. փաստորեն, նա ողջ էր:

-Իսկ Շոայի՞ն:

-Ոչ:

Շոան էլ էր ազատության մեջ:

Քննիչը բանալիների տրցակը թափահարեց քթիս տակ.

-Ի՞նչ բանալիներ են սրանք:

Ինձ ձերբակալելուց հետո պիտի որ ընկերներս փոխած լինեին իրենց կացարանը: Պաշտոնյանները հավանաբար այդ տներից մեկում էլ գտել էին այդ բանալիները: Ճչացի.

-Տղայիս սպանեցիք, ինձ էլ սպանեք:

-Մի շտապիր, կսպանենք, միայն ամբողջ ինֆորմացիան ստանալուց հետո: Որտե՞ղ էիք հանգրվանել, ասա:

-Չեմ ասի:

Նորից գործի գցեցին էլեկտրաշոկն ու մտրակը:

-Տան տեղն ասա:

Քանի որ համոզված էի` տունը դատարկ է արդեն, հասցեն ասացի: Քննիչը հեռախոսով հանձնարարեց իր ենթականերին, որ գտնեն տունը ու տանը եղած բոլոր իրերից մատնահետք վերցնեն: Հետո բռունցքով խփեց երեսիս.

-Դու խառնեցիր մեր ծրագրերը: Քո պատճառով չկարողացանք ձերբակալել ուղեկցորդիդ:

Ուրախացա. Քաբիրը կարողացել էր փրկվել:

Այս անգամ Շոայի նկարներից մեկ ուրիշը ցույց տվեցին: Ասացի` ճանաչում եմ:

-Իսկ ինչու՞ մինչ այդ ասում էիր` չեմ ճանաչում:

-Որովհետև երիտասարդ ժամանակվա նկարներն էիք ցույց տալիս. հիմա նա շատ է փոխվել:

-Բոյն ինչքա՞ն է:

-Չեմ հիշում:

-Ի՞նչ հագուստը է կրում:

-Մուգ կապույտ:

Գիտեի` այդ շորը Շոան էլ չի հագնում: Այն շատ հագնելուց բոլորովին քրքրվել էր:

-Մազերը երկա՞ր են, թե՞ կարճ:

-Երկար:

Մտքում ավելացրի` հաստատ հիմա կտրել է:

Պաշտոնյաները դատարկաձեռն վերադարձան այն տնից, որի հասցեն տվել էի: Շատ բարկացած էին: Տարան խոշտանգումների սենյակ: Ավելի ուշ նորից տեղափոխեցին: Մի մարդ եկավ, խոսեց ինձ հետ.

-Տիկին, ես այդ դահիճներից չեմ: Ավելի լավ է` ամեն ինչ ինձ պատմիր: Այդպես ես կկարողանամ քեզ փրկել:

Քմծիծաղ տվեցի. «Այո, դուք իսկապես նրանց նման չեք, Ձեր դեմքից երևում է»:

Ինձ մի սենյակ տարան, որտեղ, խոշտանգման համար նախատեսված թախտին, Սեմայիլն էր պառկած: Հարցրին.

-Սրան ճանաչու՞մ ես:

-Ոչ:

Սեմայիլին արձակեցին, քարշ տալով տարան:

Կեսօրից հետո նոր քննիչ եկավ օգնականի հետ: Նրա անունը Նահիդ էր, Մաշհադում հայտնի էր իր դաժանությամբ: Մոտեցավ, ասաց.

-Ընկերներիդ անունն ասա:

Տվեցի այն մարդկանց անունները, որոնց արդեն ձերբակալել էին: Օգնականը գլխի ընկավ, բռունցքով հարվածեց քունքիս, գոռաց.

-Սրան վերև տարեք:

Մի քանի անգամ փոխեցին խոշտանգումների համար նախատեսված սրահները, մինչև օրը մթնեց: Հետո մի մարդ եկավ` ձեռքին դույլ ու վրձին: Վրձինը թաթախում էր ինչ-որ լուծույթի մեջ, քսում վերքերիս: Աղաջուր էր: Մրմուռից կծկվեցի: Նա սառնասրտորեն ասաց.

-Խոսիր, խանում: Եթե խոստովանես, երդվում եմ, քեզ անմիջապես հիվանդանոց կուղարկեմ:

Նայեցի նրա ճպռոտ աչքերին ու լուռ մնացի: Քննիչի օգնականը, իրար խփելով դռան փեղկերը, ներս մտավ: Մի ապտակ հասցնելով երեսիս` գոռաց.

-Այ քեզ անզգամ, երեխաներիդ մասին չես էլ մտածում, չէ՞: Գիտե՞ս արդյոք` հիմա որտեղ են նրանք:

Հետո ալեխառն մազերով մի մարդ եկավ, ասաց.

-Տիկին, ասեք երեխաների գտնվելու վայրը: Խոստանում ենք` նրանց երկրի լավագույն դպրոցը կուղարկենք:

-Այդ դպրոցը միայն ձեզ համար է լավը,- արհամարհանքով պատասխանեցի ես:

-Եթե չխոսես, նորից վերև կտանենք:

Դա ընդամենը սպառնալիք էր, քանի որ մարմնիս վրա անվնաս տեղ չէր մնացել: Ինձ տարան մենախուց, կապեցին մետաղե թախտին: Պահապանները գնացին, մենակ մնացի: Հայացքս հառել էի առաստաղին… վազում էի անծայրածիր անապատով` թևիս տակ սև հավ դրած: Գնում էի թուղթուգիր անողի մոտ, որը մի քանի մղոն հեռու էր ապրում մեր գյուղից: Փոքր եղբայրս, որ տասնմեկ տարեկան էր, հիվանդացել էր: Ասել էին` առողջանալու համար օրհնված ջուր պիտի խմի: Աքլորը փախավ թևիս տակից: Շատ վազեցի, մինչև բռնեցի: Թուղթուգիր անող պառավն աքլորին վերցրեց, մի գրություն ափս դրեց: Պիտի այն ջրի մեջ գցեինք, ու ջուրը տայինք եղբորս խմելու…

Ինձ ամուսնացրին ծեր ոստիկանի հետ: Հարբեցող էր: Մի անգամ ընկավ ջրավազանի մեջ, մի կերպ հանեցի, քարշ տվեցի սենյակ, փոխեցի հագուստը… նրանից բաժանվեցի… ամուսնացա… ամեն գիշեր ծեծում էր, ուզում էր գլուխս կտրել… երեխաներս… պաշտելի երեխաներս` Մազդակը, Մանին, Էսֆանդիարը: Ի՞նչ էին անում հիմա… Հեղձուկը խեղդեց կոկորդս: Զսպեցի ինձ, չէի ուզում` նրանցից մեկը տեսներ արցունքներս:

Մուգ ակնոցով մի մարդ եկավ, սկսեց հարցուփորձ անել.

-Դուք ի՞նչ խմբավորման անդամ եք:

Վստահ պատասխանեցի.

-Ժողովրդական պարտիզանական շարժման:

-Ո՞րն է ձեր իդեալոգիան:

-Մարքսիզմն ու լենինիզմը:

-Ինչո՞վ եք զբաղվում:

-Տնային տնտեսուհի եմ:

-Ասա ընկերներիդ անունը:

-Ես ում ճանաչում էի, կամ ձերբակալված են կամ նահատակված:

-Ձերբակալության ժամանակ ո՞վ էր Ձեզ հետ:

-Ես մենակ էի:

Քաբիրի անունը չտվեցի:

-Ո՞վ է Ձեզ նրանց մոտ տարել:

-Մի ընկեր, որին մինչ այդ չեմ ճանաչել:

-Ի՞նչ գրքեր ես կարդացել:

-Ընթերցանության համար ժամանակ չունեմ. շատ քիչ գրքեր եմ կարդացել:

-Նշիր դրանցից մեկը:

-Մաքսիմ Գորկու ստեղծագործությունն եմ կարդացել:

Չգիտեի, որ այդ գիրքը կարդալու համար երեք տարվա բանտարկության են դատապարտում:

-Երեխաներիդ ու՞մ մոտ ես թողել:

-Նրանք մի օր տանից դուրս են եկել ու այլևս չեն վերադարձել: Ոչ մի տեղեկություն չունեմ նրանց գտնվելու վայրի մասին:

-Ո՞ր տանից:

-Թեհրանի…

-Երեխաներդ ու՞մ հետ էին շփվում:

Երեսս շրջեցի դեպի պատը, դժգոհելով ասացի.

-Պարոն, էլ ուժ չունեմ: Տեսնում եք` մարմնիս վրա առողջ տեղ չի մնացել: Չեմ կարողանում այլևս պատասխանել:

Կապանքներս արձակելուց հետո ինձ մենակ թողեցին:

Միջանցքից ձայներ լսվեցին: Մեկին քարշ էին տալիս միջանցքով, շղթայակապերը զնգզնգում էին:

Գիտեի` մի քանի րոպեից սկսվելու են խոշտանգումները: Վեր կացա, նստեցի թախտին: Չադրաս հանեցի, փաթաթեցի պարանոցիս: Ծայրերը որքան էլ ձգեցի, չկարողացա խեղդամահ լինել: Փորձեցի վեր կենալ, չստացվեց: Գլուխս խփեցի պատին. ոչ մի օգուտ: Գլխաշորս բերանս խցկեցի: Դեռ ողջ էի: Այդ պահին հինգ-վեց հոգի ներս մտան ու սկսեցին հարվածներ տեղալ, մինչև ալեհեր մարդը եկավ, ինձ ազատեց նրանց ձեռքից, ասաց.

-Սիրտս ցավում է երեխաներիդ համար, ասա նրանց տեղը, ու ես խոստանում եմ` նրանց երկրի լավագույն դպրոցը կտանեմ:

-Հարյուր անգամ արդեն ասել եմ` նրանց տեղը չգիտեմ:

Քննիչի օգնականը եկավ, մատուցարանը գլխիս խփեց, հարցրեց.

- Ինչու՞ էիք նկուղում հոր փորել:

-Ի՞նչ հոր, մենք հոր չենք փորել:

Էլեկտրական աթոռը խուց բերեցին: Այս անգամ մի երիտասարդ էր տանջում: Երբ մի քանի անգամ կոպերիս ամրացված ամրակները պոկվեցին, նա վերարկուս գլխիս գցեց ու շարունակեց իր գործը: Հետո մտրակեցին:

-Որտե՞ղ է Շոան:

-Չգիտեմ:

-Այդ անպիտանը Փույանից էլ է վտանգավոր: Տասնյոթ տարեկանից հետևում ենք նրան, բայց բռնել չենք կարողանում:

Հարցերը կրկնվում էին, բայց աղմուկ-աղաղակի, հարվածների ու վերքերի մեջ էլ կարողանում էի գիտակցություս տեղը պահել և նրանց մոլորեցնել:

-Երեխաներիդ տեղն ասա:

-Չգիտեմ` նրանք որտեղ են:

Պարսկերենից թարգմանեց
Նունե Հովհաննիսյանը

Մեկնաբանություններ (3)

Vardan
Լավ էլի, ամոթ է, պարզ կարծիքն էլ պետք է սանսուռ անեք: Դուք էլ ու ձեր էջն էլ...
վարդան
Սովորական երևույթ շահի ու մուլլաների բռնակալ ռեժիմների առօրիայից... Ամերիկյան իմպերիալիստներն ու եվրոպական կոլոնիալիստները այս ռեժիմների պաշտպաններն են եղել: Այս բոլորը դասկարգային պայքարի վառ օրինակներ են: Շիրինե Էբադին Հայաստանի քաղբանտարկյալներին այցելելուց հետո ասաց. Այստեղ վիճակը ավելի լավ է: Առանց ամաչելու ուրախանանք...
Լինա
Մոր սիրտը ուրիշ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter