Թուրքական նոր ԱԹՍ-ների հնարավոր ձեռքբերումը Ադրբեջանի կողմից. մեկնաբանում է ռազմական փորձագետը
2022 թ. մայիսին հայտարարվեց, որ թուրքական «Baykar» ընկերության 2 հատ «Bayraktar Akıncı» հարվածային ԱԹՍ-ները երկինք են բարձրացել Ստամբուլից ոչ հեռու գտնվող Թեքիրդաղի օդանավակայանից (կիրառվում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով) ու, հատելով Վրաստանի երկինքը եւ անցնելով մոտ 2000 կմ, վայրէջք են կատարել Բաքվում, որտեղ տեխնոլոգիական փառատոն էր անցկացվում թուրքական ընկերությունների մասնակցությամբ:
«Baykar»-ի տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը, որը Թուրքիայի նախագահի փեսան է, Բաքվում հայտարարել էր, թե հույս ունի, որ «Bayraktar Akıncı»-ները կտեսնեն Ադրբեջանի երկնքում: «Baykar»-ն էլ, առանց անուններ նշելու, հայտնել էր, թե «Akıncı»-ների արտահանման պայմանագրեր է կնքել 3 երկրների հետ, իսկ առաքումները նախատեսում են սկսել 2023-ից: 2023-ի գարնանը տեղեկություններ հայտնվեցին Պակիստանի ու Լիբիայի կողմից թուրքական այս նոր դրոնի ձեռքբերման մասին: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ թուրքական դրոնների նոր սեփականատեր է դարձել Սաուդյան Արաբիան:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI), որն զբաղվում է, մասնավորապես, միջազգային ռազմական առեւտրի ուսումնասիրությամբ, Ադրբեջանին վերաբերող վիճակագրության մեջ նշել է, որ «Akıncı»-ների առաքումն այդ երկիր նախատեսվում է 2023-ից: Թե ինչ քանակի մասին է խոսքը, հայտնի չէ:
«Akıncı»-ները, ըստ «Baykar»-ի պաշտոնական տվյալների, ունեն մինչեւ 1500 կգ օգտակար բեռ (սպառազինություն) կրելու հնարավորություն, թռիչքի բարձրությունը մինչեւ 12 կմ է, չնայած 2022-ի ամռանը սահմանվել է նոր ռեկորդ՝ 13,7 կմ, բացի դրանից՝ օդում կարող է գտնվել 24 ժամ, սակայն 2021 թ. ամռանն այս ԱԹՍ-ն օդում է եղել շուրջ 26 ժամ ու անցել 7507 կմ:
Բայրաքթար ընտանիքի անունը կրող արտադրական սերիայի այս նոր ԱԹՍ-ները կարող են զինվել բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներով ու ավիառումբերով, ինչպիսիք, մասնավորապես, արտադրվում են Թուրքիայում: «Akıncı»-ի սպառազինության մեջ են մտնում «MAM-L» եւ «MAM-C» տիպի կառավարվող ռումբերը, որոնք «Bayraktar TB2» ԱԹՍ-ների միջոցով կիրառվել են թուրք-ադրբեջանական ուժերի կողմից 44-օրյա պատերազմում հայկական ուժերի դեմ: «Akıncı»-ն օգտագործում է նաեւ «MK-81», «MK-82», «MK-83» ամերիկյան ավիառումբեր, որոնք թուրքական ռազմարդյունաբերությունը դարձնում է կառավարվող, տեղական արտադրության «Bozok» կառավարվող ռումբեր, «երկինք-երկիր» տիպի «Cirit» ու «L-UMTAS», ինչպես նաեւ «երկինք-երկինք» տիպի «Gökdoğan» եւ «Bozdoğan» կառավարվող հրթիռներ: Սրանց պետք է հավելել թուրքական արտադրության «SOM» թեւավոր հրթիռները, որոնց հեռահարությունն ավելի քան 250 կմ է:
«SIPRI»-ի տվյալներով՝ Ադրբեջանը դեռ 2017-ին 10 հատ նման թեւավոր հրթիռ էր պատվիրել (արտադրողը «Roketsan» ընկերությունն է), որոնք առաքվել են 2018-2019 թթ.: Ըստ շվեդական ինստիտուտի՝ Ադրբեջանի ստացածը «SOM-B1» տեսակի հրթիռներ են, որոնք ունեն բեկորաֆուգասային մարտագլխիկ: Այն ժամանակ, իհարկե, խոսք չկար «Akıncı»-ների մասին, սակայն «SOM»-երը կարելի է արձակել նաեւ թուրքական օդուժում առկա ամերիկյան կործանիչներից:
Խոսելով Ադրբեջանի կողմից «Bayraktar Akıncı» հարվածային ԱԹՍ ձեռք բերելու մասին՝ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը «Հետքի» հետ զրույցում առանձնացնում է մի քանի գործոն՝ այս ԱԹՍ-ի տեխնիկական բարձր պարամետրերը, դրա ֆոնին՝ Ադրբեջանի համեմատաբար փոքր տարածքը եւ այն, որ «Akıncı»-ն ծավալներով ու քաշով ավելի մեծ է, քան նույն 44-օրյա պատերազմում կիրառված «Bayraktar TB2»-ը, այսինքն՝ առաջինը կարող է ավելի հեշտ թիրախ դառնալ հայկական ՀՕՊ-ի կողմից:
Ըստ փորձագետի՝ թուրքական նոր դրոնների ձեռքբերումը կարելի է իմաստավորված համարել, եթե դրանք կիրառվեն մեծ խորություն վրա՝ առաջնագծից հեռու: Այդ դեպքում էլ, ըստ էության, նրանք պետք է օգտագործեն «SOM» թեւավոր հրթիռներ: «Հետքի» զրուցակիցը անտրամաբանական է համարում «Akıncı»-ի հնարավոր գործարկումը 8-15 կմ հեռահարություն ունեցող «MAM-C» ու «MAM-L» կառավարվող ավիառումբեր կամ փոքր հեռահարության «երկինք-երկիր» տիպի հրթիռներ արձակելու համար, քանի որ դրա համար Ադրբեջանն ունի «Bayraktar TB2» կամ խորհրդային/ռուսական «Սու-25» գրոհային ինքնաթիռներ, որոնք սկսել են մոդեռնիզացվել Թուրքիայում:
Ըստ Լեոնիդ Ներսիսյանի՝ «Սու-25»-երի մոդեռնիզացիան Թուրքիայում հատկանշական փաստ է, քանի որ ինքնաթիռները զինվելու են թուրքական արտադրության ճշգրիտ ռումբերով եւ հրթիռներով: Առաջին օդանավը («Սու-25ՄԼ») հուլիսի վերջին Թուրքիայից արդեն տեղափոխվել է Ադրբեջան:
Անդրադառնալով դիտարկմանը, թե երկար ու բարձր թռիչքների համար նախատեսված «Bayraktar Akıncı»-ները գուցե նախատեսված են ոչ թե կամ ոչ միայն Հայաստանի ու Արցախի ճակատում օգտագործելու, այլ/այլեւ Իրանի դեմ՝ ռազմական փորձագետն ասում է, որ դա էլ է հնարավոր:
«Կարող է եւ լուսանկարի համար մի քանի հատ առնեն: Կամ էլ կիրառեն թեւավոր հրթիռների համար: Ասենք, Բաքվի մոտ գտնվող «Նասոսնայա» ավիաբազայից օդ բարձրանա ու այնտեղից հրթիռները կրակի: Ուղղակի ես չեմ տեսնում «Akıncı»-ի տեղը փոքր երկրում»,- եզրափակում է Լեոնիդ Ներսիսյանը:
Գլխավոր լուսանկարում՝ «Bayraktar Akıncı» ԱԹՍ-ն եւ դրա սպառազինությունը, այդ թվում՝ «SOM» թեւավոր հրթիռները, 2019 թ., հեղ.՝ Թալհա Իշիկ, commons.wikimedia.org
Մեկնաբանել