HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետն ու Մարսելի քաղաքային համայնքի նախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելիի հետ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքային համայնքի նախագահին ընդունելության համար, Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Մարսելի հետ 20-ամյա համագործակցությունն ու ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները: Երևանի մասին հակիրճ տեղեկություններ ներկայացնելով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ Հայաստանի մայրաքաղաքն այսօր լուրջ բարեփոխումներ է իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ`  նպատակ ունենալով ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել գործարար միջավայրը։ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ծրագրերի իրագործման հնարավորությունների առումով Երևանի բիզնես դաշտը բավականին գրավիչ է, հավելելով, որ քաղաքապետարանը մշակել է խոշոր ներդրումային առաջարկ-ծրագրեր և պատրաստ է համագործակցել մասնավոր հատված-պետություն գործընկերային սկզբունքով։ <<Քաղաքային իշխանությունները, իրենց իրավասության շրջանակում , պատրաստ են աջակցել բոլոր ներդրողներին ինչպես ներդրումային ծրագրերի նախապատրաստման , այնպես էլ հետագա աշխատանքներում։ Հաշվի առնելով մեր քաղաքների ջերմ և բարեկամական հարաբերությունները, մենք ուրախ կլինենք, Մարսելի քաղաքային համայնքի աջակցությամբ  հնարավոր դարձնել ֆրանսիական ընկերությունների առավել ակտիվ ներգրավվածությունը մեր ներդրումային ծրագրերում:>> - նշել է Տարոն Մարգարյանը և Օժեն Կազելիին է փոխանցել Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկների փաթեթը:

Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելին իր հերթին շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերը ընդունելու համար և ընդգծել է, որ բարեկամական կապերը իսկապես պետք է լինեն շատ ամուր, այդ թվում նաև բիզնեսի ծավալման ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ընդլայնման համատեքստում: <<Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի շահագրգռենք ֆրանսիացի գործարարներին մեր բարեկամ քաղաքում ներդրումներ կատարել: Համոզված եղեք, որ մենք ևս շատ բարձր ենք գնահատում Երևանի հետ համագործակցությունն ու բարեկամությունը և մենք նույնպես պատրաստակամ ենք ընդլայնել մեր համագործակցությունը:>> - նշել է Օժեն Կազելին:

Ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն իսկ հանդիպել է հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, և նրանց ևս ներկայացրել է ներդրումային առաջարկների փաթեթը: Երևանի քաղաքապետը հույս է հայտնել, որ նպատակային քայլերի արդյունքում երկուստեք համագործակցության ընդլայնման ծրագրերն առավել առարկայական կդառնան` ի շահ երկու բարեկամ քաղաքների:  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter