
«Մենք գնացել ենք, ժողովրդից վերցրել ենք իշխանությունը». Հակոբ Հակոբյան
«Ընդդիմության խնդիրն է` կառավարության ծրագիրը հասարակության համար հասանելի դարձնել, քանի որ այն շատ առաջադիմական է»,- այս միտքը ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (ով հայտնի է նաև որպես Թունելի Հակոբ) արտահայտեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ բանավեճի ընթացքում: Նրա կարծիքով` ընդդիմությունը պետք է արդեն մոռանա իր նախընտրական ծրագրերի մասին և կառավարության հետ միասին ձեռնամուխ լինի նոր ծրագրի իրականացմանը:
Կառավարության ծրագրի մասին գնահատական տալիս Հակոբ Հակոբյանը նշեց, որ դա ժողովրդի ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխանության ծրագիրն է, հետևապես, այն լավն է: Սակայն այդ միտքը, նրա ձևակերպմամբ, բառացիորեն այսպես հնչեց. «Մենք գնացել ենք, ժողովրդից վերցրել ենք իշխանությունը»:
«Ճիշտ է, դուք ժողովրդից վերցրել եք իշխանությունը»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը:
Խոսելով կառավարության ծրագրային կարևորագույն կետերի մասին` Հակոբ Հակոբյանն ասաց, որ եթե մինչ այս կառավարությունը ուղղակի վերահսկում էր տնտեսությունը, ապա այս անգամ նա պարտավորվում է ուղղակիորեն մասնակցել տնտեսության կառուցմանը, իսկ ահա 1999թ.-ից գործող աղքատության մեղմացնելու ծրագրին փոխարինելու է գալու աղքատության վերացնելու ծրագիրը: Իշխանությունները նպատակ են դնելու ստեղծել 100 հազար նոր աշխատատեղ` օգնելու համար աղքատներին իրենց իսկ միջոցով հաղթահարել աղքատությունը: Դրա համար կլինեն հատուկ ծրագրեր: Հակոբյանի այս մտքի հետ կապված հետաքրքրական էր լրագրողներից մեկի հարցադրումը. «Եթե այսքան ժամանակ փորձել եք մեղմացնել աղքատությունը, և նա ավելացել է, ապա ի՞նչ կլինի, եթե փորձեք վերացնել այն»:
Հակոբյանը խոստովանեց, որ աղքատությունը վերջին 4 տարիների ընթացքում ավելացել է 10 %-ով. 26-27 %-ից հասել է 35,8 %-ի (պարզագույն թվաբանությամբ` ամեն 3-րդ հայաստանցին աղքատ է): Սակայն դա բացատրվում է նաև աղքատության շեմի բարձրացմամբ, որն էլ պայմանվորված է գների բարձրացման, հետևապես նաև մարդկանց ապրելու պահանջարկի բարձրացման հետ:
Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ վերջին 20 տարիներին բնակչությունը ոչ թե աղքատացել է, այլ աղքատացվել է, որպեսզի ավելի հեշտ լինի նրանից քվե պոկելը:
Մեկնաբանել