HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Վարչապետի նոր հագուստը

Հիշո՞ւմ եք Չեխովի պատմվածքը՝ «Размазня»: Հայերեն թարգմանությամբ, թերևս՝ «Ոչնչություն»:
Տանտերը սպասուհու ամսական աշխատավարձը կրճատում է՝ ոչ համոզիչ փաստարկներով:  Տանտիրոջ ամեն բառից հետո սպասուհու աչքերը լցվում են: Սառը քրտինքը ծածկում է ճակատը, երբ լսում է, թե որքան ու անարդարաբար կրճատել են իր ամսավճարը: Սակայն գրոշները գրպանը դնելով՝ մրմնջում է` մերսի: Տանտերը, որ հետևում էր սպասուհու արձագանքին, պայթում է. «Ինչի՞ համար մերսի»: «Փողի»,- շշնջում է սպասուհին: «Բայց ես ձեզ թալանեցի: Ես ձեզնից գողացա: Ինչո՞ւ մերսի: (…) Չէ՞ որ ես գումարը պակաս տվեցի: Ինչո՞ւ չեք բողոքում: Ինչո՞ւ եք լռում: Մի՞թե կարելի է այսքան ոչնչություն լինել»:

Սպասուհին թթված ժպտում է. նրա աչքերից հնարավոր էր կարդալ՝ կարելի է:

Օգոստոսի 11: Կառավարության նիստ:

Վարչապետ.
-Քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթը: Առաջարկություննե՞ր: Դիտողություննե՞ր:

Լռություն:

Վարչապետ.

-Քվերակության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը: Ովքե՞ր են կողմ փաթեթի ընդունմանը:

Բոլորը ձեռք են բարձրացնում: Փաթեթն ընդունված է:

Իսկ չզեկուցվող փաթեթում հարց է, որի զեկուցմանը սպասում ենք բոլորս՝ «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագիրը և ծախսերի նախահաշիվը հաստատելու, ՀՀ ԿԳՄՍՆ գումար հատկացնելու մասին» հարցը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Սնուփ Դոգի համերգը ակնհայտորեն դիտարկել էր՝ որպես կրթական, մշակութային, գիտական, ենթադրաբար՝ նաև սպորտային միջոցառում, որի համար հարկատուները պետք է վճարեն 6 միլիոն դոլար:

Կասկածներ ունենք, որ դա, ամեն դեպքում, ոչ թե ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությունն էր, այլ վարչապետի կամ նրա աշխատակազմի, քանի որ գաղափարը խելահեղ էր:

Բայց ԿԳՄՍՆ-ն համաձայն էր իր հեղինակությունն ու ողջախոհությունը կասկածի տակ դնել, միայն թե մեծարգո վարչապետը կամ նրա աշխատակազմի ղեկավարը չզայրանան:

Եթե նախաձեռնության հեղինակը  կոնկրետ գերատեսչությունը լիներ, մյուս նախարարությունները կփորձեին գրագետ, հավասարակշռված հակափաստարկներով կասեցնել միջոցառումը:  
Նման թույլ փորձեր արեցին Արդարադատության ու Ֆինանսների նախարարությունները:

ԿԳՄՍՆ-ն «ՆՅՈՒ ստԱՐՏ ԱՐՄԵՆԻԱ» երաժշտական նախագծի ընդհանուր դրույթներում նշել էր. «6. «ՆՅՈՒ ստԱՐՏ ԱՐՄԵՆԻԱ» («New stART Armenia») երաժշտական նախագծի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվելու է 1 երաժշտական միջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգ (Snoop Dogg)-ի կամ համանման աշխարհահռչակ այլ արտիստի մասնակցությամբ»:

Արդարադատության նախարարությունն իրեն թույլ էր տվել հետաքրքրվել՝. «Հավելվածի 6-րդ կետում «համանման աշխարհահռչակ այլ արտիստի»  և «A դասի համանման արտիստի» ձևակերպումներն անհրաժեշտ է հստակեցնել՝ պարզ չէ, թե ում կողմից և ինչ չափանիշներով է գնահատվելու համանման արտիստ հանդիսանալը: Բացի այդ՝ պարզ չէ, թե որն է A դասի արտիստը»։

Արդարադատության նախարարության այս առաջարկը ԿԳՄՍՆ-ն մերժել էր: Ինչպես մերժել էր նաև Ֆինանսների նախարարության հետևյալ դիտարկումը.

«Հաշվի առնելով 2023-2024թթ. համար հարկաբյուջետային հնարավորությունների շրջանակը, ինչպես նաև շրջանառության մեջ գտնվող հրատապ ֆինանսավորման ենթակա ծրագրերի առաջնահերթությունները՝ առաջարկում ենք նշված միջոցառումների ֆինանսավորման հետ կապված հարցերը դիտարկել ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրների (հովանավորներ, բիզնես միջավայրի հետաքրքրություններ, տոմսերի վաճառքից առաջացող միջոցներ) հաշվին իրականացնելու համատեքստում»:

Ֆինանսների նախարարության մյուս առաջարկն ընդունվել է մասնակի. «Անհրաժեշտ է հստակեցնել, որ եթե Ծրագրի 9-րդ կետով նախատեսված միջոցառումների անցկացման համար Կազմակերպության կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումն ու դրանց տեղադրումը, ինչպես նաև գովազդային արշավների ապահովումը հանդիսանում են գնում, ապա «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ գնում է հանդիսանում պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերումը, փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը: Ելնելով վերոգրյալից՝ կարծում ենք, որ Ծրագրով նախատեսված գնման ընթացակարգն անհրաժեշտ է իրականացնել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, առաջարկում ենք վերոնշյալ ծառայությունների ձեռք բերումն իրականացնել երկփուլ մրցույթի ձևով, որի կիրառման պարագայում հնարավոր է ապահովել ինչպես այլընտրանքային առաջարկների ստացումը, այնպես էլ մասնակիցների նկատմամբ որակավորման պայմանների կիրառումը: Գնման տվյալ ձևի կիրառման ժամանակ հայտերի գնահատումն իրականացվում է գին/որակ հարաբերակցության սկզբունքով»:
Այլ կերպ ասած՝ խախտվել է «Գնումների մասին» օրենքը:

Ենթադրվում էր, որ գոնե նշված երկու նախարարությունները՝ վարչապետի հարցին՝ «Առաջարկություննե՞ր: Դիտողություննե՞ր», կարձագանքեին՝ պնդելով, որ իրենց սկզբունքային առաջարկությունները քննարկվեն:

Սակայն թե՛ նրանք, թե՛ Կառավարության մյուս անդամները, միաձայն «Կողմ» էին:

Անվտանգային այնպիսի մարտահրավերներ ունեցող պետության համար, որպիսին է Հայաստանը, յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պիտի որ գիտակցեր իր անձնական պատասխանատվությունն ու պետության համար կարևոր գործ անելու հնարավորությունը: Հայաստանի դեպքում հատկապես ուղղակի հակացուցված է ու պետության համար ճակատագրական «Размазня» լինելը:

Կառավարության նիստերին, սակայն, բոլոր նախարարները վեր են ածվում վարչապետի ամեն խոսքին կողմ զանգվածի: Փաշինյանը ոչ տեղին կատա՞կ է անում՝ «06-ի կուզով»-ի մասին, հետո երկար՝ բոլորի ժամանակը խլող, ենթադրաբար՝ շատերի նյարդերին ազդող մոնոլոգներ է ունենում: Միևնույն է՝ բոլոր նախարարները համերաշխ ժպտում են: Իսկ եթե վարչապետը նաև իր կատակներին արագ արձագանքող հայացքներ է փնտրում, Կառավարության անդամներն արդեն աշխույժ ծիծաղ են բեմադրում:

Կոնկրետ Սնուփ Դոգի համերգի տնտեսական ենթադրյալ շահավետությունը Կառավարության անդամները, մասնավորապես՝ այս նախագծի գաղափարի հեղինակ ներկայացող ԿԳՄՍՆ-ն, պետք է ստորադասեին  բարոյականությանը: Հայաստանն, Արցախը սենտիմենտալ տրտմության մեջ չեն, որը պետք է ցրել հիփ-հոփ  համերգով, ուրախացնել քաղաքացիներին՝ իբրև թե՝ մի վհատվեք: Իբրև թե՝ պետք չէ անընդհատ լաց լինել. Առաջին տիկինն էր իր բազում թեմատիկ ստատուսներում հղում արել մեր «մեծ իմաստուններին՝ «Լացը լաց է բերում»:

Արցախի շրջափակում ու կիսաքաղց երեխաները՝ հասկացանք, գերիների խնդիրը՝ հասկացանք, ամեն րոպե սպասվող պատերազմը՝ հասկացանք, բայց պետք է առաջ նայել, երջանիկ լինել՝ հիմա, այս պահին. մեր երջանկությունը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ հատուկ տողով ամրագրված է:

Սնուփ Դոգի համերգը կազմակերպել է պետությունը՝ պետական բյուջեի հաշվին, և Հայաստանի քաղաքացիները սոցցանցերում իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են շարադրել: Ընդ որում,  քաղաքացիների դիտարկումներն այնքան հիմնավոր են՝ բարոյական չէ հիփ-հոփ այս արտիստի համերգը կազմակերպել հարկատուների հաշվին՝ անվտանգային ու բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրում՝ անկախ արտիստին վճարվելիք հոնորարի չափից, Արցախը շրջափակված է, հումանիտար ճգնաժամի մեջ է՝ գումարած ցեղասպանության վտանգը, գերության մեջ գտնվող զինվորների մասին միտքն արդեն անտանելի է, իսկ  պետությունն այնքան անզոր է նրանց հայրենիք վերադարձնել: Այդ անզորությունը չի փակի և ոչ մի համաշխարհային աստղ՝ իր համերգով:

Սնուփ Դոգի համերգն ու համերգի կազմակերպումը՝ որպես չզեկուցվող հարց քվեարկելը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարության բարոյական պատկերացումների անհամատեղելիությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ բարոյականության մասին պատկերացումների հետ:
Պատկերացումներն իրարամերժ են:

Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ձևացնում է, թե չի տեսնում քաղաքացիների դժգոհությունն ու դիմադրությունը:

Այս ամենն արդեն Անդերսենը նկարագրել է «Թագավորի նոր հագուստը» հեքիաթում: Թագավորը վարձում է երկու դերձակի, որոնք, իրականում, խաբեբաներ են: Նրանք խոստանում են թագավորի համար այնպիսի նուրբ կտորից զգեստ կարել, որ այն անտեսանելի կլինի միայն հիմարների համար: Դազգահի վրա իբրև թե կտոր են հյուսում ու այն զգուշորեն «հագցնում» թագավորին: Թագավորը ( վարչապետը) և պալատականները (Կառավարության անդամները) նկատում են, որ իրենք ի վիճակի չեն տեսնել կտորը, սակայն վախենում են այդ մասին ասել՝ հիմար չերևալու համար: Արքան մերկ շրջում է, պալատականները հիացական բացականչություններ են արձակում: Մի երեխա հանկարծ կանչում է՝ «Թագավորը մերկ է»:
Թվում է՝ այստեղ հեքիաթն ավարտվում է, բայց այդպես չէ՝ թագավորն ավելի նրբագեղորեն է շարունակում իր ընթացքը, իսկ պալատականները զգուշորեն պահում են նրա հագուստի փեշերը, որ փեշը գետնին չդիպչի:  

Հեքիաթն ընթացքի մեջ է… 

նկարը՝ Հայկ Մակիյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter