HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գրիբոյեդովում արտահերթ ընտրություն էր. հաղթեց 28-ամյա անկուսակցական թեկնածուն

Երեկ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում համայնքապետի արտահերթ ընտրություններ էին: Ձայների ճնշող մեծամասնությամբ համայնքապետ ընտրվեց 28-ամյա անկուսակցական Վահե Գրիգորյանը` հետ թողնելով նախկին երկու համայնքապետերին: Գյուղացիները կատակով նշում էին, որ հաղթանակից հետո Վահեին մնում է միայն ամուսնանալը:

Գրիբոյեդովում համայնքապետի թեկնածուները երեքն էին` Բաղդասար Գաբրիելյանը, Վահե Գրիգորյանը եւ վերջինիս նախորդը` Կամո Ջամալյանը:

Այս ընտրությունները գյուղում բավականին աշխուժություն էին առաջացրել, եւ մասնակցությունն էլ մեծ էր. 1499 ընտրողից քվեարկել էին 960-ը: Ընտրողների ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ` Բաղդասար Գաբրիելյան` 272 քվե, Վահե Գրիգորյան` 445, Կամո Ջամալյան` 220, իսկ 20 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:

Նշենք,  որ Գրիբոյեդովի համայնքապետ Բաղդասար Գաբրիելյանը մոտ 2 ամիս առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի, սակայն ամիսներ անց նա նորից առաջադրեց իր թեկնածությունը` պատճառաբանելով, թե այդ քայլով ուզում է կանխել իրենից առաջ համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Կամո Ջամալյանի հաղթանակը: Բաղդասար Գաբրիելյանը կողմ էր, որ իրեն երիտասարդ համայնքապետ փոխարինի:

Ընտրություններից անմիջապես հետո, Վահե Գրիգորյանի տան բակում ավտոմեքենաների ու մարդկանց պակաս չէր զգացվում: Հատկապես երիտասարդները հավաքվել եւ իրենց խոսքով` նշում էին երիտասարդության հաղթանակը: Այն, որ Վահեն է հաղթելու, գյուղում գրեթե չէին կասկածում, սակայն երիտասարդ համայնքապետի մայրը ընտրություններից հետո ասաց, որ մինչեւ վերջ սպասել են եւ նախապես հաղթանակ չեն տոնել:

Նշենք, որ ընտրություններն անցան առանց խախտումների ու միջադեպերի: Հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց միջեւ որեւէ լարվածություն չկար: Թեեւ գյուղի դպրոցի բակում ոստիկանների թիվը հասնում էր հինգ տասնյակի, սակայն նրանք այդպես էլ «անգործ» մնացին:

Ընտրական հանձնաժողովի նախագահ Շուշիկ Շուշանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Գրիբոյեդովում ընտրությունները միշտ էլ հանգիստ են անցել ու առանց միջադեպերի: «Ես հանձնաժողովի անդամներին ասել եմ, որ ձեզնից շատերը այս գյուղից չեն, դուք գնացող մարդիկ եք, իսկ գյուղացիները շարունակելու են միասին ապրել եւ պետք է այնպես կազմակերպել ընտրությունները, որ դրանից հետո թշնամանք չառաջանա»,-ասաց Շ. Շուշանյանը:

Թեեւ հանձնաժողովն աշխատում էր առանց միջադեպերի, թեկնածուներից Կամո Ջամալյանի կողմնակիցները զանգահարել էին ոստիկանություն եւ հայտնել, թե ընտրատարածքում անկարգություններ են կատարվում:

Մեկնաբանություններ (1)

zohrab
well lets see if he is good for griboyadov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter