HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունն Հայաստանում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Եվրոպական միության գործընկերների հետ մենք միշտ հավակնոտ ծրագրեր ենք նախաձեռնել, քանի որ հիմքում փոխվստահության և գործընկերային հարաբերություններ են: Եվ այն բոլոր ձեռքբերումները, որ կան այսօր կրթական համակարգում, գիտության ոլորտում, մշակութային և երիտասարդական ծրագրերի իրականացմամբ, համատեղ աշխատանքների արդյունք են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով Եվրոպական միության ցուցաբերած աջակցությունը:

Նախարարը հատկապես ընդգծել է ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի մշակման աշխատանքներին ԵՄ ցուցաբերած աջակցությունը՝ շեշտելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրման աջակցմանը միտված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրով իրականացվող աշխատանքները։ Կարևորվել են նաև EU-Armenia TUMO Convergence Center-ի կյանքի կոչման, EU4Armenia ծրագրի «Ստեղծարար արդյունաբերություն» ծրագրով մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստել են կրթության և մշակույթի ոլորտների զարգացմանը։ 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ևս շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, համատեղ աշխատանքի համար: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կրթամշակութային, երիտասարդական, գիտության ոլորտներում շարունակական կլինի՝ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի կյանքի կոչմամբ։

Կողմերն անդրադարձել են նաև համագործակցության օրակարգում խաղաղության կրթության անհրաժեշտությանը՝ ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլև ավելի լայն աշխարհագրության ընդգրկմամբ:

Նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված հումանիտար աղետին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը, որի լուծման ուղղությամբ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին՝ փաստահավաք առաքելություն իրականացնող պատվիրակություն ուղարկելու նպատակով:

Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստանի հետ է եղել ամենադժվար օրերին՝ համավարակից մինչև պատերազմ․ «Անկախ Ձեր կարգավիճակից, մենք միշտ ուրախ կլինենք տեսնել Ձեզ Հայաստանում: Դուք մեզ հետ եք եղել մեր ամենադժվար օրերին. հույս ունենք, որ կգաք մեզ հետ կիսելու նաև մեր լավ օրերը»,- խոսքը եզրափակել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter