«Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Հունիսի 19-ից բարձրացել է Վանաձոր-Երևան-Վանաձոր միկրոավտոբուսների գինը՝ նախկին 1200 դրամից դառնալով 1400 դրամ: Բարձրացել են նաև ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները, մասնավորապես «Հոնդա» մակնիշի մեքենայով Երևան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դարձնելով 1800 դրամ:
«Հայավտոկայան» ընկերության Վանաձորի մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատել է գների բարձրացման լուրը՝ ասելով, որ նշված ուղղություններով երթուղի իրականացնող, Վանաձորում գործող «Ոսկեթև», իսկ Երևանում գործող «Գասուռ» ՍՊ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն՝ գների բարձրացման հարցով, իսկ հիմք ընդունվել են պահեստամասերի և վառելիքի գները:
«Իրենք դիմել են, նախարարությունը որոշել է բավարարել նրանց խնդրանքը: Գների թանկացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ին, կիրառության մեջ մտել հունիսի 18-ին»,- ասել է Սահակ Ռուբենյանը:
Հունիսի 19-ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող «Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնություն: Խումբը, մտահոգված լինելով Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղու գների բարձրացման խնդրով, իր համոզմունքն է հայտնում, որ ուղեվարձի բարձրացումն ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա:
Ուստի, կարևորելով քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը, դիմում ենք բոլոր հասարակական միավորներին միանալ նախաձեռնությանը:
Մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով [email protected] էլ. հասցեին կամ միանալով www.facebook.com կայքի «Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնութան խմբին՝ http://www.facebook.com/groups/126661840805451/:
«Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության առաջ քաշված խնդրի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
«Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել