HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար բերման է ենթարկվել քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը

Երեկ՝ օգոստոսի 16-ի երեկոյան Մաշտոցի պուրակից ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքական գործիչ («Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար) Սուրեն Սահակյանին եւ եւս երկու հոգու՝ Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՈ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Սուրեն Սահակյանը նախօրեին հանրային քննարկում էր հրավիրել Մաշտոցի պուրակում Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որից հետո ցանկացել էր վրան տեղադրել։ Իր ՖԲ էջում վրանի տեղադրումը հիմնավորել է այսպես՝ «իմաստավորված եմ համարում առաջիկա շաբաթը անցկացնել այստեղ` շուրջօրյա հանդիպումներով ու քննարկումներով, որի համար նախատեսում եմ տեղադրել վրան։ Ոստիկանությունը չի կարողանում մեջբերել իրավական ակտը, որն ինձ արգելում է վրան տեղադրել 40 աստիճան շոգից պաշտպանվելու համար։ Փոխարենը կուտակել է մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք պլանավորում են ինձ և ընկերներիս բերման ենթարկել վրան տեղադրելու դեպքում»։

Ըստ Միքայել Նահապետյանի՝ բերման ենթարկելու գործողությունն իրականացրել է ՀՀ փոխոստիկանապետը՝ մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ։

«Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։ Բնականաբար, ոստիկանության ապօրինի այս գործողությունը ոչինչ չի փոխի և տղերքը պնդում են, որ հնազանդվելը մահ է, պայքարը` կյանք»,- ասված է Նահապետյանի գրառման մեջ։

Ոստիկանությունից «Հետքին» հայտնեցին, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել` վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելուց հետո։ 

Լուսանկարը՝ սքրինշոթ Սուրեն Սահակյանի live հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter