
Բնագիտական առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան
Հայաստանի պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտության ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով սահմանվել է վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։
Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։
«Նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։
ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող հավելյալ վարձատրությունը պայմանավորված է դպրոցներում բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությամբ:
Հավելավճարի կարգը կգործի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից և կտարածվի պետական հանրակրթական բոլոր հաստատությունների վրա»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել