HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը անշարժ գույք է ձեռք բերել Էմիրություններում

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը 2022 թվականին մոտ 1 միլիարդ 690 միլիոն դրամի եկամուտ է ստացել հորից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանից։ Այս մասին նշված է համայնքապետի՝ 2022թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։ Եկամուտը ձևակերպված է որպես ստացված փոխառություն։

Այս գումարի հիմնական մասը Արսենյանը ստացել է արտարժույթով՝ 83 հազար ԱՄՆ դոլար և ավելի քան 15,2 միլիոն Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամ, որը ըստ Կենտրոնական բանկի փոխարժեքների արխիվի՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ համարժեք է եղել շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամի կամ 4.1 միլիոն ԱՄՆ դոլարի։

Աշոտ Արսենյանից ստացած գումարը գրեթե ամբողջությամբ նշված է նաև Ջերմուկի համայնքապետի ծախսերի բաժնում։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Վահագն Արսենյանը հայտնեց, որ նշված գումարը իր կողմից տրվել է որպես կանխավճար՝ անշարժ գույք և ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Նրա խոսքով՝ կանխավճարից բխող գործարքները շարունակվել և ավարտվել են 2023 թվականին։

«Անշարժ գույքը և ավտոմեքենան սեփականության իրավունքով ինձ փոխանցվել են 2023 թվականին և որպես սեփականություն արտացոլված կլինեն 2023 թվականին իմ կողմից ներկայացվելիք հայտարարագրում»,- նշված է համայնքապետի պատասխանում։

Քանի որ Արսենյանի ծախսերը ներկայացված են արտարժույթով, գերակշիռ մասը՝ էմիրությունների դիրհամով, կարելի էր ենթադրել, որ համայնքապետը անշարժ գույք ձեռք է բերել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Արսենյանը չհերքեց՝ ասելով, որ այդ մասին կնշի 2023թ․ հայտարարագրում։

Բացի հորից ստացած եկամտից՝ Վահագն Արսենյանը 25 միլիոն 350 հազար դրամի փոխառություն ստացել է նաև Նորայր Մովսիսյանից և շուրջ 4 միլիոն դրամ՝ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Արսենյանը նաև 2021 թվականի արտադրության PORSCHE 911 GT3 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել, որը ձեռք է բերել նույն տարում։ Ըստ 2021 թվականի հայտարարագրի՝ համայնքապետը մեքենան գնել է «Ավտոհաուս» ՍՊԸ-ից 118 միլիոն դրամով։ 

2022-ի ընթացքում Արսենյանը 4 անշարժ գույք է ձեռք բերել Ջերմուկ համայնքում և Երևանում։ Ըստ հայտարարագրի՝ Ջերմուկում հասարակական նշանակության 3 շինություն համայնքապետը գնել է եղբորից՝ Արսեն Արսենյանից։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում էլ ավտոկայանատեղի է ձեռք բերել՝ 4 նոր անշարժ գույքի համար ծախսելով ընդհանուր 106 միլիոն դրամ։ Տարվա վերջում առկա անշարժ գույքի քանակը 19 է։

Համայնքապետի հայտարարագրած 9 հողամասերի, 1 բնակարանի, հասարակական 5 շինությունների և 4 ավտոկայանատեղիների մեծ մասը՝ 12 միավոր անշարժ գույքը, գտնվում է Վայոց ձորի մարզում, 5-ը՝ Երևանում, 2-ը՝ Արցախի Հանրապետությունում։

Վահագն Արսենյանը նաև ամենաշատ կանխիկ դրամն է հայտարարագրել ՀՀ 71 համայնքների ղեկավարների շարքում։ Ըստ հայտարարագրի՝ 2022-ի վերջում Արսենյանն ունեցել է կանխիկ 26 միլիոն դրամ, 2 միլիոն ԱՄՆ դոլար, 375 հազար եվրո և 6.5 միլիոն ռուսական ռուբլի։

Չնայած հայտարարագրված կանխիկ դրամական միջոցների ծավալին՝ Արսենյանը չի սիրում բանկային հաշիվներին շատ գումար պահել։ Ջերմուկի համայնքապետի հայտարարագրում նշված է, որ պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են ընդամենը 184 հազար դրամ և 69 դոլար։

Վահագն Արսենյանը մասնակցություն ունի նաև առևտրային 4 կազմակերպությունում։ Պաշտոնյայի շահերի հայտարարագրում նշված է, որ Արսենյանը 100% մասնակցություն ունի «Ջերմուկ Մայր Գործարան» ՍՊԸ-ում, 94.87%՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում, 50%՝ «Բալկան ՊԵՏ Քոմփանի» ՍՊԸ-ում և 30%՝ «Ռելոադ» ՍՊԸ-ում։

Հայտարարագրում նշված է նաև, որ Ջերմուկի համայնքապետն առևտրային կազմակերպությունում ունեցած իր բաժնեմասերը 2021 թվականին հավատարմագրային կառավարման է հանձնել հորը՝ Աշոտ Արսենյանին։

Հիշեցնենք՝ Վահագն Արսենյանը 2021թ․ հոկտեմբերի 12-ին վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբեր 5-ի ՏԻՄ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը և արդյունքում՝ ընտրվել Ջերմուկի համայնքապետ։

***

«Հետքը» շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը։ Առաջիկայում հայտարարագրերի վերաբերյալ նոր հրապարակումներ կունենանք։

Համակարգող՝ Տրդատ Մուշեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter