HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անչափահասների քաղաքացիությունը չդադարեցնելու պատճառը զինվորական հաշվառման չկանգնելն է

Աշոտի 16 տարին դեռ չէր լրացել, երբ մայրը դիմել է Հայաստանի պատկան մարմիններին՝ որդու քաղաքացիությունը դադարեցնելու պահանջով: Տղան ունի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Կազմվել է եզրակացություն այն մասին, որ դիմումը հնարավոր չէ բավարարել, քանի որ ըստ Պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի գրության` Աշոտը հաշվառված չէ կոմիսարիատում: Այսինքն` ունի զինվորական հաշվառման կանգնելու չկատարված պարտավորություն: Նմանատիպ պատճառաբաններով են հիմնականում մերժվում արական սեռի անչափահասներին վերաբերող դիմումները, որից հետո ծնողները հայցադիմումներ են ներկայացնում դատարան՝ 2-3 տարի սպասելով հանգուցալուծմանը:

Աշոտի գործով ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու անհնարինության վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել նաև Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը: Ստացված եզրակացության հետևանքով էլ վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ Աշոտի դիմումը մերժելու մասին առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծ։

Դրա հիման վրա Հանրապետության նախագահը հրամանագրով մերժել է 2004թ. ծնված Աշոտի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումը:

Փաստորեն դիմումը մերժելու հիմքում եղել է մեկ փաստարկ, այն է` անչափահաս տղան պետության նկատմամբ ունի զինվորական հաշվառման կանգնելու չկատարված պարտավորություն։

Աշոտը՝ ի դեմս օրինական ներկայացուցիչ ծնողի, ընդդեմ Հանրապետության նախագահի, դիմել է վարչական դատարան՝ քաղաքացիությունը դադարեցնելու հրամանագիր ընդունելու պահանջով:

Դատարանը բավարարել է պահանջը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արական սեռի քաղաքացիների համար զինվորական հաշվառման նպատակով իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պոզիտիվ պարտականություն առաջանում է վերջիններիս 16 տարին լրանալուց հետո: Հետևաբար, անձը զինվորական հաշվառման կանգնելու չկատարած պարտավորություն կարող է ունենալ 16 տարին լրանալուց հետո:

Դատարանը պարտավորեցրել է նաև Հանրապետության նախագահին մոտ 80,000 դրամ վճարել հայցվորին, որպես դատական ծախս:

2018 թվականից մինչ այժմ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու հրամանագիր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով Հանրապետության նախագահի դեմ 47 հայցադիմում է ներկայացվել վարչական դատարան: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տվյալների ուսումնասիրությամբ պարզեցինք, որ դրանց զգալի մասը՝ 32 հայցադիմում, վերաբերում է քաղաքացիությունը դադարեցնելուն։

32 հայցադիմումից 25-ը ներկայացրել են անչափահաս տղաների ծնողները՝ որպես օրինական ներկայացուցիչներ: Անչափահասների դեպքում քաղաքացիությունը չդադարեցնելու հիմնական պատճառը բանակի հետ կապված հարցերն են:

Made with Flourish

Ներկայացված հայցադիմումների զգալի մասը գտնվում է քննության փուլում: 12-ի դեպքում առաջին ատյանի դատարանը հօգուտ դիմողների ՀՀ նախագահի դեմ վճիռ է կայացրել: Սակայն, նախագահի աշխատակազմի կողմից դրանք բողոքարկվել են և վերադաս դատարաններում գտնվում են քննության փուլում:

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության փոխանցած տվյալների համաձայն՝ 2018-2023թթ. (առաջին եռամսյակ) քաղաքացիությունը դադարեցնելու 27 հազ. 878 դիմում է ստացվել, իսկ Հանրապետության նախագահի հրամանագրերով դադարեցվել է 27 հազ. 496 մարդու քաղաքացիություն:

Made with Flourish

Ինչպես նշում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, դիմումատուների մեծ մասը ազգությամբ հայեր են:

Հարկ է նշել, որ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Այդ է պատճառը, որ տարեկան կտրվածքով երբեմն նախագահի հրամանագրերով ավելի շատ մարդու քաղաքացիություն է դադարեցվում, քան այդ նպատակով ստացված դիմումներն են:

Ի տարբերություն քաղաքացիության դադարեցման հայցադիմումների, քաղաքացիության շնորհմանը վերաբերող 15 հայցադիմումից 10-ը ներկայացրել են ոչ հայկական անուն-ազգանուն ունեցող անձինք:

Ինչո՞ւ են Հանրապետության նախագահի դեմ դիմում դատարան

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Վերոնշյալ օրենքով կարգավորում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված՝ տարբեր պետական մարմինների գործառութային տիրույթում գտնվող որոշակի ընթացակարգեր: Մասնավորապես, քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումն անձը ներկայացնում է անձամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում՝ լիազոր մարմին (Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն), իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Կառավարության լիազոր մարմնի կազմած բացասական եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով:

Հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում: Քննարկման արդյունքով կազմվում են ամփոփ եզրակացություններ և ուղարկվում լիազոր մարմին:

Լիազոր մարմինը համապատասխան եզրակացությունները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից ստացված ամփոփ եզրակացությունները: Նախագահն էլ ստորագրում է համապատասխան հրամանագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter