HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բենզինը թանկացել է, ՄՊՀ-ն ուսումնասիրում է պատճառները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) ուսումնասիրում է բենզինի շուկան՝ պարզելու բենզինի գների թանկացման հիմքերը։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում ևս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Սակայն, եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա հանձնաժողովի կողմից կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ։

Հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը «Հետք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտներից բացատրություններ է պահանջել, որոնք հավաքագրելուց հետո միայն վերջնական եզրակացություն կկազմվի բենզինի գնի վերաբերյալ։ 

Ըստ նրա՝ բենզինի շուկան, ինչպես և այն շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներ, մշտապես վերահսկվում են հանձնաժողովի կողմից և եթե 5%-ից ավել թանկացում կամ էժանացում է գրանցվում, սկսվում է նախնական ուսումնասիրություն։

Թե երբ կհրապարակվի հանձնաժողովի ամբողջական ուսումնասիրությունը, առայժմ հայտնի չէ։

Երևանյան մի քանի բենզալցակայաններում այսօր առավոտյան ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրի գինը 490-500 դրամ էր, պրեմիում տեսակը՝ 520 դրամից սկսած։ 

Բենզինը թանկանում է հունիսից սկսած։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թ. հուլիսին, հունիսի համեմատ, Հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ, իսկ հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել է 10.5%-ով։

Այս վերջին օրերին թանկացման տեմպը արագացել է և առավել ակնհայտ դարձել վարորդների համար։

Մինչ ՄՊՀ-ն կհրապարակի իր դիրքորոշումը, տնտեսագետներն ու վարորդները փորձում են լուծել գլուխկոտրուկը՝ ինչու՞ է բենզինը թանկացել, եթե ռուբլին և դոլարը չեն բարձրացել դրամի նկատմամբ։

Տնտեսագետ Աղասի Թավադյանը վերջին օրերին Հայաստանում բենզինի կտրուկ թանկացման տնտեսական հիմքեր չի տեսնում։

«Ոչ համաշխարհային շուկայում, ոչ էլ մեզ մոտ այնպիսի տնտեսական իրադարձություն չի կատարվել, որը կհանգեցներ դրսում և շղթայաբար նաև Հայաստանում բենզինի գների կտրուկ բարձրացմանը: Բենզինը Հայաստան է ներմուծվում մեծ մասամբ Ռուսաստանից։ Այս ընթացքում դրամը արժևորվել է ռուբլու նկատմամբ, և եթե պատճառը փոխարժեքը լիներ, ապա պետք է ոչ թե բարձրանար գինը, այլ՝ ընկներ»,- ասում է նա։

Դեռևս երկու ամիս առաջ, երբ բենզինի գինը մինչև 400 դրամ էր, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ հանձնաժողովի պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները ավելի ցածր են, քան պետք է լինեին։ Ցածր գները, ըստ Գևորգյանի, կասկածներ են հարուցում։

«Մենք ունենք հիմնական 4 տնտեսվարող սուբյեկտ, որոնք զբաղվում են ներմուծմամբ և վաճառքով։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ ձեռքբերման գնի և վաճառքի գնի համադրությունը։ Հիմնական ծավալը ձեռք է բերվում Ռուսաստանի Դաշնությունից։ Ինքնարժեքների տվյալների մենք տիրապետում ենք, կարող ենք փակ ռեժիմով քննարկում անել և ցույց տալ ձեզ։ Ավելին ասեմ, մեզ համար նույնիսկ այս գինը տնտեսապես, այս պահին կասկածներ է հարուցում, բայց ոչ թե բարձրացման, այլ՝ ընդհակառակը ցածր լինելու առումով»,- նշել է Գևորգյանը։

Այդ ժամանակ Գևորգյանը թեև հստակ չհայտարարեց, որ դա դեմպինգ է, սակայն իր խոսքում նշեց, որ դեմպինգը (ապրանքների ինքնարժեքից ցածր գնով վաճառելը շուկաներում՝ մրցակիցներին դուրս մղելու նպատակով) շատ ավելի մեծ վնաս է պատճառում, քան գների բարձրացումը։ Թե բենզինի վաճառքով զբաղվողները ինչու՞ պետք է դեմպինգ անեին և ու՞մ դեմ կարող էր դա լինել, չի մանրամասնվել։

Աղասի Թավադյանը կարծում է, որ այս հայտարարությունից ու հանձնաժողովի կողմից սկսված ուսումնասիրությունից հետո բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները սկսել են բարձրացնել գները։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկումն այլ է։ Ըստ նրա՝ ռուսական մատակարարները թանկացրել են բենզինի գները և, ենթադրաբար, դա է ազդել հայկական շուկայի վրա։

«Ռուսական տեղական շուկայում մատակարարները բարձրացրել են գները։ Նրանք նախկինում ստանում էին պետական սուբսիդավորում, որը հիմա չեն ստանում։ Ինչպես նաև՝ ակցիզային հարկն է բարձրացել։ Այս և այլ գործոններ նպաստել են, որ Ռուսաստանում բենզինը թանկանա և հետաևաբար՝ դա հունիսից սկսած ազդել է նաև հայկական շուկայի վրա։ Եթե չլիներ դրամի արժևորումը ռուբլու նկատմամբ, թանկացումն ավելի արագ կլիներ»,- կարծում է տնտեսագետը։

Հայաստանում բենզինի գնագոյացման, թանկացման կամ էժանացման պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ տնտեսվարողների շրջանում «լուռ» համաձայնությունից, դեմպինգից սկսած՝ մինչև նավթամթերքի ձեռքբերման գների փոփոխություն, լոգիստիկ ծախսերի, հարկերի ազդեցություն, փոխարժեք։ Այդ բոլոր տվյալները տնտեսվարողները չեն հրապարակում, սակայն տրամադրում են ՄՊՀ-ին։

Ըստ Մաքսային ծառայության՝ 2022 թվականին Հայաստանը ներմուծել է 519 հազար տոննա նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք, ավիավառելիք), որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 574 մլն դոլար։

Նավթամթերքի 76%-ը ներմուծվել է Ռուսաստանից, 10%-ը՝ Իրանից, 8%-ը՝ Հունաստանից, մնացածը՝ այլ երկրներից։

Այլ երկրների մեջ են Թուրքիան, Գերմանիան, Բուլղարիան, Եգիպտոսը, Նիդերլանդները և այլն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter