HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունն էժանացել է 9,5 մլն դոլարով

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող ամերիկյան առանձնատունը, որը 2022 թ. նոյեմբերին վաճառքի էր հանվել 56 մլն դոլարով, այժմ առաջարկվում է 46,5 մլն-ով:

Հիշեցնենք, որ տունն առաջին անգամ օտարման էր հանվել 2022 թ. ապրիլին 63,5 մլն դոլարով, սակայն քանի որ գնորդ չճարվեց, նոյեմբերի սկզբին հանվել էր շուկայից, ապա նույն ամսվա վերջին նորից դրվել վաճառքի, այս անգամ՝ 56 մլն-ով:

2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասում (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով առանձնատուն էին ձեռք բերել, որը կառուցվել էր դեռ 1927-ին:

2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել էին վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են:

Քանդելով 1927-ին կառուցված տունը՝ 2017-ին Խաչատրյաններն այս հասցեում նոր տուն են կառուցել, որը շատ ավելի մեծ է՝ բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

Երկհարկանի այս վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։

Չնայած տունը դեռեւս անավարտ վիճակում է, ներքին հարդարման աշխատանքներ չեն արվել, Խաչատրյաններն անցյալ տարի դրա համար 63,5 մլն դոլար էին ցանկանում ստանալ, որը հետո նվազեցվեց 7,5 մլն-ով՝ դառնալով 56 մլն դոլար:

Տունը վաճառքի հանելուց շատ չանցած ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների գույքը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ Խաչատրյանները 2011-ին գույքը ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն։

Դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված առանձնատան վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում է, որ Խաչատրյանները կարող են վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէ, բայց եթե դատարանը վերջնարդյունքում որոշի բավարարել դատախազների հայցն ու բռնագանձի տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու է փաստի առաջ:

Այս ֆոնին, երբ տունը վաճառվում էր 63,5 մլն դոլարով, գնորդ էր հայտնվել, ինչը փաստվում է նրանով, որ անշարժ գույքի գործակալությունների կայքերում Խաչատրյանների տան վերաբերյալ հայտնվել էին «under contract», «active under contract» կամ «accepting backup offers» պիտակներ: Սա նշանակում է, որ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել, բայց գործարքը դեռ ավարտին չէր հասցվել, եւ Խաչատրյանները պատրաստ էին դիտարկել այլ գնային առաջարկներ եւս: 

Այդուհանդերձ, գործարքը չկայացավ, գույքն էլ հանվեց շուկայից, իսկ կարճ ժամանակ անց նորից դրվեց վաճառքի ավելի էժան գնով:

Փաստորեն, 2022 թ. նոյեմբերից մինչեւ այս տարվա օգոստոս կրկին գնորդ չեղավ, եւ Խաչատրյանները օրերս՝ օգոստոսի 16-ին, նոր գին են սահմանել՝ 46,5 մլն դոլար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter