HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռումինիայում Հայաստանի դեսպանի այցելությունը պատմական Արմենոպոլիս (Գեռլա) քաղաք

Հունիսի 22-23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Տրանսիլվանիայի Գեռլա՝ պատմական Արմենոպոլիս քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ նորընտիր քաղաքապետ Մարիուս Սաբոյի հետ, տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա եղավ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին, նաև մասնակցեց մշակութային միջոցառումների:

Հունիսի 23-ի առավոտյան քաղաքապետարանում ծավալված զրույցին, որին մասնակցում էին նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպս. Հակոբյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, Ռումանահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, ՌՀՄ գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, ՌՀՄ Գեռլայի մասնաճյուղի նախագահ Յանոշ Էստեգարը, Բուխարեստի «Արարատ» հրատարակչության տնօրեն Սիրուն Թերզյանը և առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանա Բոգդանը, խոսվեց Գեռլա քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման և Հայաստանի հետ կապերի հաստատման մասին:

Համլետ Գասպարյանը նորընտիր քաղաքապետին տեղեկացրեց նախորդ քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի՝ անցյալ հոկտեմբերի վերջին Հայաստան կատարած այցի մասին, որի ընթացքում Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել եղբայրական կապեր հաստատելու երկու քաղաքի միջև: Քաղաքապետ Մարիուս Սաբոն պատրաստակամություն հայտնեց հոկտեմբերին Գեռլայում ընդունելու Իջևանի նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանին և ստորագրելու համագործակցության համաձայնագիր:

Մարիուս Սաբոն հավաստիացրեց, որ Գեռլայի պատմական կենտրոնը' նախկին Արմենոպոլիսը, որտեղ պահպանվում են հայկական հին հոգևոր և աշխարհիկ շինություններն ու հաստատությունները, քաղաքի հարստությունն է և շարունակելու են լինել քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո: Երկուստեք նշվեց, որ ինչպես Գեռլայում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայերի դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը և ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը և փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը և համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Այնուհետև հանդիպման մասնակիցները, ինչպես նաև ռումին սենատորներ, Կլուժի նահանգային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ Գեռլայի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա եղան Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ժամերգությանը:

Կեսօրից հետո Սուրբ Երրորդություն տաճարի ծխական սրահում տեղի ունեցավ Գեռլայի պատմության վերաբերյալ Քրիշտոֆ Սոնգոթի հունգարերեն մենագրության ռումիներեն թարգմանության շնորհանդեսը: 19-րդ դարավերջի Տրանսիլվանիայի հայազգի մտավորական, մանկավարժ և հրատարակիչ Քրիշտոֆ Սոնգոթի (1843-1907) գործունեության և հարուստ ժառանգության մասին պատմեցին սենատոր, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, պատմաբան Լուչիան Նաստասեն և «Հայ-հունգարական մայրաքաղաք, թագավորական ազատ քաղաք Գեռլայի մենագրությունը» գործի թարգմանիչ Անդրեա Գիտան:

Այնուհետև Գեռլայի նորաբաց Հայկական մշակութային կենտրոնում բացվեցին Գեռլայի 18-րդ դարի հայկական սրբապատկերների և հոգևոր թեմայով գեղանկարների, ինչպես նաև տրանսիլվանահայ ժամանակակից նկարիչ Ազատուհի Վարդուկա-Խորենյանի գործերի զույգ ցուցահանդեսները: Ռումինիայի և մասնավորապես Տրանսիլվանիայի տնտեսական և մշակույթային կյանքի զարգացման մեջ հայերի ծանրակշիռ ավանդի մասին ելույթներով հանդես եկան Վարուժան Ոսկանյանը, արվեստաբան Պալ էմեսեն, պրոֆեսոր Նեգոիցա Լապտոյուն և խմբագիր Շանդոր Բոգլարկան: Միջոցառմանը տեղի երաժշտական լիցեյի սաների կատարմամբ հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի իմպրովիզացիաները և հայկական ժողովրդական մեղեդիներ:

Գեռլայում դեսպան Համլետ Գասպարյանը հարցազրույց տվեց ռումինական TVR1 կենտրոնական հեռուստատեսությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Տեղեկանք: Ռումինիայի Կլուժ նահանգի Գեռլա քաղաքը հիմնվել է 18-րդ դարի սկզբին հռոմեական նույնանուն բնակավայրի մոտ Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից ավստրո-հունգարական կայսերական հրովարտակով, որով հայերն ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Քաղաքն ուներ «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ: Այն արդի Ռումինիայի եզակի բնակավայրերից է՝ կառուցված քաղաքաշինական հատուկ հատակագծով' բարոկկո ոճով, որ իրականացրել է հայերի հրավերով Հռոմից ժամանած հայազգի ճարտարապետ Ալեքսիսը: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս, ուր գործում էին հայ աշխարհիկ և հոգևոր իշխանություններ, կրթական և հասարակական հաստատություներ: Մինչև 1918 թ. քաղաքապետները եղել են հայեր, իսկ քաղաքը կառավարվում էր միջնադարյան հայկական օրենքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter