
Վլադիմիր Զելենսկին մեկնում է Հունաստան՝ մասնակցելու ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 21-ին կայցելի Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ մասնակցելու ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովին։ Այդ մասին Европейская правда-ի փոխանցմամբ հայտնել է սերբական N1 հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ Ուկրաինայի առաջնորդը կլինի ոչ պաշտոնական ընթրիքի հյուրերի թվում, որոնց հրավիրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Դրան կմասնակցեն նաև Արևմտյան Բալկանների երկրների առաջնորդներն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Հանդիպման թեմաները կլինեն տարածաշրջանի եվրոպական ինտեգրումը, Բալկաններում և Հարավարևելյան Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք չի սահմանում Սերբիան։ Բացի այդ, կքննարկվի նաև վերջինիս երկխոսությունը Կոսովոյի հետ։
Հիշեցնենք, որ նախօրեին Վլադիմի Զելենսկին այցելել էր Նիդերլանդներ և Դանիա։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ հանդիպման ժամանակ հայտնի էր դարձել, որ Կոպենհագենը որոշել է Ուկրաինային փոխանցել 19 F-16 կործանիչներ։ Մինչ այդ, Նիդերլանդները հայտարարել էր Կիևին 42 F-16 կործանիչի փոխանցման մասին։
Նիդերլանդներ ու Դանիա այցից առաջ Զելենսկին եղել էր նաև Շվեդիայում, որտեղ հանդիպել էր վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ։ Այցի ընթացքում կողմերը պայմանավորվել էին Ուկրաինայում սկսել շվեդական CV-90 հետևակի մարտական մեքենաների արտադրություն, ինչպես նաև քննարկել Կիևին Gripen կործանիչների հնարավոր փոխանցման հարցը։
Լուսանկարը՝ Sergei Supinksy/ AFP
Մեկնաբանել