
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել
Թուրքիայի 12 քաղաքացի է զոհվել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Յոզղաթ նահանգում քաղաքացիական ավտոբուսի վթարի հետևանքով։ Ինչպես հայտնում է DHA գործակալությունը, ևս 19 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ավտոբուսը շարժվում էր Սեբաստիայից (Սիվաս) դեպի Ստամբուլ։ Ճանապարհի՝ Սորգուն բնակավայրի հատվածում, վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, այն դուրս է եկել հանդիպակած գիծ և ընկել 20-մետրանոց բարձրությունից։
Յոզղաթի նահանգապետ Մեհմեթ Ալի Օզքանը նշել է, որ իշխանությունները ավտովթարի մասին տեղեկացել են տեղի ժամանակով 23:52-ին (Երևանի ժամանակով՝ օգոստոսի 21, ժամը 00:52)։ «Ցավոք տեղի է ունեցել ավտովթար, որի մասին տեղեկությունը մենք ստացել ենք մոտ 23:52-ին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին և մեր ցավակցությունները փոխանցում մեր քաղաքացիների մահվան կապակցությամբ»,- ասել է նա։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, բուժանձնակազմը և թուրքական ժանդարմերիան։ Տուժածներին տեղափոխել են Յոզղաթի և Սորգունի հիվանդանոցներ։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտնել է տեղի ունեցածի հետաքննության մեկնարկի մասին։ Թուրքական կողմը փոխանցում է, որ դատախազությունը և քննիչները պարզում են ավտովթարի հանգամանքներն ու պատճառները։
Լուսանկարը՝ TRT Haber-ից
Մեկնաբանել