HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

28-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է նախօրեին 28-ամյա երիտասարդի սպանության դեպքը:

«2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 17։04-ին, ՆԳՆ փրկարար ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է։

Ահազանգով անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի և փրկարար ծառայության աշխատակիցները, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 28-ամյա բնակչի դին՝  պարանոցի և կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք:

Իրականացված անհետաձգելի  միջոցառումների արդյունքում պարզվել է ինչպես տուժածի, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչը:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ դեպքի հանգամանքների շուրջ, որի ընթացքում նա խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, որից հետո բնակարանը հրկիզել է և  փորձել է Բավրա սահմանային անցակետով հատել ՀՀ պետական սահմանը:

Նախաքննական մարմնի որոշմամբ՝ երիտասարդը ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ շարունակվում են կատարվել վարութային և ապացուցողական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter