HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում դատարանները միայն օրենքից են անկախ

Նորից դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` որպես երկրում արդարադատության երաշխավորի /թեպետ նամակներն իմ կասկածում եմ, թե հասնում են հասցեատիրոջը/

Դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Դիմում եմ բողոքի ակցիայի մասնակից ավելի քան 500 փաստաբաններին և, իհարկե, ոչ անտարբերներին

Հունիսի 22-ին պատասխան ստացա ՀՀ Վճռաբեկ դատարանից, որում ասված էր` Ձեր պաշտպան Վ.Մանուկյանի վճռաբեկ բողոքը վերադարձվում է` 08.06.12 որոշմամբ: Այսինքն` Վճռաբեկը դեռ մինչև չոր հացադուլ հայտարարելս էր մերժման որոշում կայացրել, բայց, չգիտես ինչու, բռաչափ Երևանում պատասխանը Նուբարաշենի կլոր գերեզմանոց էր հասել երկու շաբաթում: Բայց առավել կարևորն այն է, որ երկու ամիս էր անհրաժեշտ Վճռաբեկ դատարանին, որպեսզի խղճուկ երկու էջանոց ձևակերպումով ետ վերադարձնի փաստաբանիս բողոքը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով 16 տարի առաջ կայացված իմ մահապատժի դատավճիռը բեկանելու և նոր քննություն սկսելու մասին:

Մեր պահանջն առավել, քան հիմնավոր է. իմ փաստաբանի կողմից ներկայացվել էին ապացույցներ, որ 1996 թ-ին նախաքննության առաջին իսկ ժամերից քննիչի կողմից կատարվել են ակնհայտ կեղծիքներ, մասնավորապես իբր սպանության գործիք հանդիսացող առարկաները, որպես այդպիսին ճանաչելու նպատակով հրավիրվել են ընթերականեր: Այսօր փաստացի ապացույցներ են ձեռք բերվել, որ նրանք ընդհանրապես գոյություն չեն ունեցել: Չեմ ցանկանում իրավաբանական հիմնավորումների մեջ խորանալ, պարզապես մեջբերեմ  Քր. Դատավարության օրենսգրքի 426 հոդվածի 3-րդ կետը, այն է` դատական ակտերի վերանայման հիմքերը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով. վերանայման է ենթակա ակտը, եթե դատական ակտով հաստատված է փորձագետի եզրակացությամբ ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական արձանագրությունների և այլ փաստերի կեղծված լինելը: 

1996 թ-ի դատավճիռը չբեկանելով` փաստորեն Վճռաբեկ դատարանը կանաչ լույս է վառում քննիչների, դատաբժշկական փորձագետների համար` որքան կարող եք կեղծեք փաստաթղթեր, վկաների ցուցմունքներ, հորինեք գոյություն չունեցող ընթերականներ, կեղծեք դատակենսաբանական եզրակացություններ, ինչպես իմ գործում:  Ու հոգ չէ, որ հետևանքը մարդկային խեղված ճակատագիր է` մահապատժի դատավճռով:

16 տարի առաջ մեկ ցուցմունքը, այն էլ 4 անգամ փոփոխված, բավարար եղավ ինձ` 20-ամյա ուսանողիս, գնդակահարության դատապարտելու համար: Հիմա, Վճռաբեկ դատարանի պարոնայք արդարադատներ, ասացեք խնդրեմ, քանի՞ ապացույց է պետք, որ բավարար համարվի` երկուսը երեքը, տասը… ո՞րն է հիմնավոր. գործով մյուս մեղադրյալի բազմաթիվ ցուցմունքներից մեկը, թե՞ քննչական գործողությունների և դատակենսաբանական փորձաքննության ապացուցված կեղծիքները:

Նույնպիսի ջանասիրությամբ հապա ինչո՞ւ 16 տարի առաջ չասվեց` ախր մեկ անձի` 180 աստիճանով մեկը մյուսից տարբերվող ցուցմունքով ինչպես մարդուն դատապարտենք խստագույն պատժի: Ինչո՞ւ գործը չուղարկվեց լրացուցիչ քննության, ինչո՞ւ չկատարվեց դատահոգեբանական համալիր փորձաքննություն, ինչո՞ւ դատակենսաբանական փորձաքննության մեջ թույլ տրվեց կեղծիք, ինչո՞ւ քննչական գործողությունները առաջին իսկ ժամերից կատարվեցին խախտումներով: Ինչուները շատ են, դեդեկտիվախառը իրապատում հեքիաթի նմանվող 3 հատորանոց քրեական գործով ընդամենը 3 ամսում կատարված քննությամբ ինչուների պատասխանները չեն տրվել մինչ օրս: 

Նախկին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ով ողբերգական վախճան ունեցավ, մի օր այցելեց Նուբարաշենի կլոր գերեզմանոց ու ինձ ասաց. «Քո գործը դեռ այն  ժամանակ  ինձ հետաքրքրեց, անպայման վերաբացվելու է»: Իսկ հետո` 2005 թ-ին այն ժամանակ ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանը այցելեց Նուբարաշենի գերեզմանոց և բառացի ասաց. «Հանգիստ տեղդ նստի ու մոռացի գործիդ վերաբացման մասին, թե չէ ընտանիքիդ վնաս կտամ»: Ինչքան կարելի է սպառնալ, նույնն էլ քննիչն էր անում 96 –ին: Ո՞վ է կանգնած սրա հետևում, միգուցե փաստեր կան, որոնք ես էլ չգիտեմ, բայց ակնհայտ է, որ կան մարդիկ, ովքեր լռեցնում են արդարադատության ձայնը: Ո՞վ է խանգարում գործի վերաբացմանն ու ճշնարտության բացահայտմանը հիմա:  Ո՞ւմ է ձեռնտու թե այն ժամանակ, թե մինչ օրս ճշմարտությունը թաքցնել հասարակությունից` անկատար, հապշտապ, կեղծիքներով քննություն կատարելով: Ես մարդ չեմ սպանել, ու վաղ թե ուշ այս Գորդյան հանգույցը կքանդվի: 

Հարգելի Աղվան Հովսեփյան, 16 տարի շարունակ Դատախազությունը պնդում էր, որ գործի վերաբացման համար անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ` վկայակոչելով հենց 426 հոդվածը: Դեպքից 16 տարի անց դրանք ներկայացվեցին, բայց գործի վերաբացում տեղի չունեցավ: Արդարությանը հասնելու բոլոր ճանապարհները Հայաստանում տանում են փակուղի, ամենուր անտարբերության պատ է: Ու ես բնավ չեմ հավատում արդարադատությանը մեր երկրում, օրենքը մտրակ է դարձել անպաշտպաններին պատժելու համար, ու ես դարձյալ ու դարձյալ հիշում եմ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության դեպքն ու էքս-նախագահի անպատիժ մնացած ախրաննիկին:  

Հարգելի փաստաբաններ, Վճռաբեկ դատարանը Ձեր ակցիայի կապակցությամբ ասում էր` կոնկրետ գործ մատնացույց արեք: Հեռու չգնանք:  Ստացվում է, որ 90-ականների ամենաթողության տարիները մեր օրերում շարունակվում են, իսկ հանրապետության նախագահի մոտ դատաիրավական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները պուպուշ- պուպուշ խոսում են արդարության բարձր իդեաներից: Մինչդեռ հենց նման գործերն են փորձաքար, որոնք պահանջում են գործնական քայլեր` ուղղելու դատական սխալը:

Հարգելի նախագահ, դիմում եմ Ձեզ, որպես երկրում արդարադատության իրականացման երաշխավորի, խնդրում եմ գործի վերաբացման հնարավորություն տալ` արդար դատաքննության բոլոր նորմերին համապատասխան: Այս նախադասությունը գրում եմ տարիներ շարունակ, բայց… ձայն բարբառո անապատի:

Հարգանքով` Մհեր Ենոքյան

«Նուբարաշենի» կլոր գերեզմանոց

Հ.Գ. Այսուհետ ոչ մի ինքնավնասում, ոչ մի հրաժարում հացից ու ջրից: Ինձ դեռ ուժեր են հարկավոր պայքարի համար: Պայքարի վերջում Սկիզբն է: Իսկ Սկզբում բուռն ստեղծագործ կյանք ունեմ ֆիզիկական ազատության մեջ: Բացի այդ, զգացի, տեսա, որ պայքարիս մեջ մենակ չեմ: Շնորհակալ եմ այն 200 մտավորականներին, արվեստագետներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ովքեր ստորագրել էին իմ գործի վերաբացման համար: Պայքարի վեկտորն ուղղում ենք դեպի Եվրոպա:

Մեկնաբանություններ (5)

Arthur
Yerb vor karavarman burgi glux@ mardik en voronq uranum en irents isk martakan @nkernerin, hayreniqi nviryal heros txanerin voronts het irenq nuynpes payqarelen hanun artarutyan, isk aysor anhag tench unen harstanalu, harstaharelu, tsop kyanqov aprelu. irents isk naxkin martakan @nkernerin banterum pahelov, Ays paragayum artar datavarutyun, mahapatij-tsmah datapartvats andzants gortsi kam gortseri veranayum anhnar mi yerevuyt e tvum uxaki. Hamenaydeps payqarel petqe yev anhrajesht.
Թամարա
Աստված քեզ ուժ ու համբերություն տա, Մհեր ջան, ինչպես նաեւ մնացած բոլոր անմեղ անազատներին...
Gayane
MHER; ES AXOTUM EM QEZ HAMAR; INZNIC MIAJN DA E KAXVAC: HUJS UNEM; ASTVAC QEZ KOGNI.....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում չկա? պետական,կիսապետական,կամ ՀԿ-ի մակարդակով կազմակերպություն/մարմին,որը զբաղվում է այսպիսի գործերով,այսինքն, կասկածելի գործերի հետևանքով ազատազրկվածների գործերի վերաբացման օժանդակությամբ: Եթե չկա,ապա դա մեծ բաց է ՀՀ-ի արդարադատության շղթայում : Ես չեմ իմանում հեղինակը բանտում ինտերնետային կապի հնարավորություն ունի, բայց նման դեպքերում ՄԻՇՏ պիտի ինստիտուտացնել գործը.այսինքն, անհատի/բանտարկյալի հետևում պիտի կազմակերպություն կանգնի: Փաստաբանը հերիք չէ: Թեև մեդիային դիմելը ճիշտ առաջին քայլ է, այն դեռևս հաջողության երաշխիք չէ: Ուզում եմ ասել որևէ կազմակերպություն պիտի բանտարկյալի անունից պայքարի արդարադատության ապարատի դեմ.բանտում նստած մի անձ դեռ հակաուժ չէ իրենց համար:........................ Հ.Գ.-1.Շատ ուժեղ է.«Հ.Գ. Այսուհետ ոչ մի ինքնավնասում, ոչ մի հրաժարում հացից ու ջրից: Ինձ դեռ ուժեր են հարկավոր պայքարի համար: Պայքարի վերջում Սկիզբն է:»......................Հ.Գ.-2. 16 տարի ազատազրկումից հետո ես կոնկրետ իրեն ուղղակի ՆԵՐՈՒՄ կշնորհեի:
Զարուհի
Հարգելի Վարազ Սյունի, Մհեր Ենոքյանի գործով զբաղվում է 3 փաստաբան, Հայաստանի Հելսիկյան կոմիտեն, նաև ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն կա, որի անդամներ են մտավորականներ ու արվեստագետներ, ովքեր արձագանքել են` կարդալով Մհերի պատմվածքները ու նախաձեռնել նրա գրքի տպագրումը: Գիրքը արդեն կա, կոչվում է ՙԵս զրուցում եմ քեզ հետ, Մարդ՚, հասույթը նվիրում է քաղցկեղով հիվանդ երեխաների: Մհերի գործի վերաբացման համար ստեղծվել է խումբ, ահա http://www.facebook.com/groups/206604462712461/434077306631841/?id=434093063296932&ref=notif&notif_t=group_comment փորձեք համացանցում փնտրել Մհեր Ենոքյան անվամբ, ահռելի ինֆո կտեսնեք: Անհրաժեշտ է, որպեսզի գործը ԵԴ տանելու ճանապարհին Սփյուռքում էլ տարածվի այդ ինֆորմացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter