HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանցագործություններն ավելանում են, բայց բացատրություն և վերլուծություն չկա

Վիճակագրական կոմիտեն ոստիկանության ամփոփ տեղեկությունների հիման վրա՝ առանձին հանցատեսակների վերաբերյալ տվյալներ է հրապարակել: Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն ավելացել է: Ընդ որում՝ էական աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Փոխարենը նվազել են սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները: 

2023թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 19 հազ. 891 հանցագործության դեպք, իսկ 2022թ. նույն ժամանակահատվածում՝ 17 հազ. 5: Հանցագործությունների թիվն ավելացել է բոլոր մարզերում և Երևան քաղաքում, իսկ Շիրակի մարզում այդ թիվը շեշտակի է աճել: Մասնավորապես, եթե 2022թ. հունվար-հունիս ամիսներին Շիրակի մարզում գրանցվել էր հանցագործության 709 դեպք, ապա այս տարվա նույն ամիսներին՝ 1336:

Ըստ նույն աղբյուրի՝ էական ավելացել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը: Այս տարվա 6 ամիսների ընթացքում գրանցվել է նման 8070 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 4666-ի փոխարեն:

Made with Flourish

Ինչպես նշվեց Շիրակի մարզն առաջատար է գրանցված հանցագործությունների թվով: Մեկ տարվա համեմատական կտրվածքով այս մարզում հանցագործությունների թիվն ավելացել է 627-ով: 

Եթե դիտարկենք ըստ ծանրության հանցագործությունների թիվը, ապա Վայոց ձորի մարզում գերակշռում են միջին ծանրության հանցագործությունները՝ ի տարբերություն այլ մարզերի և Երևան քաղաքի, որտեղ գերակշռող են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Օրինակ, Վայոց ձորում 2023թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործության 77 դեպք, և միջին ծանրության՝ 93: Սակայն կարևոր գործոն է, որ այս մարզը փոքր բնակչություն ունի:

Ընտանեկան բռնություններ

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2023թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ընտանեկան բռնության 116 դեպք, որից 92-ն ուղարկվել է դատարան, 21-ը կարճվել է, իսկ 3-ն ընթացքի մեջ է:

Ըստ վիճակագրական տվյալների՝ գերակշռում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքերը՝ 69, այնուհետև՝ նախկին ամուսնու կամ կնոջ, ընտանիքի այլ անդամների կողմից կիրառվող բռնության դեպքերը` 12-ական:

Նշված ժամանակահատվածում ծնողի կողմից զավակի նկատմամբ կիրառված 11 բռնության դեպք է գրանցվել, իսկ զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 10 դեպք:

Ընտանեկան բռնության դեպքերով առաջատար է Գեղարքունիքի մարզը՝ 15 դեպք: Երկրորդ տեղում Արմավիրի մարզն է՝ 14 դեպք: Ընտանեկան բռնության ամենաքիչ դեպքերը գրանցվել են Վայոց ձորի մարզում՝ 2 դեպք: Երևանում 2023թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ընտանեկան բռնության 33 դեպք:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, երբ մայրը, Գեղարքունիքի մարզում բռնություն էր կիրառում իր անչափահաս աղջկա նկատմամբ՝ ներգրավվելով նաև իր մյուս անչափահաս երեխաներին:

Դատախազության տվյալները

Դատախազությունն ամեն տարի հաղորդում է ներկայացնում տարվա ընթացքում հանցագործությունների քննության վերաբերյալ: Ըստ այդ հաղորդման՝ 2022թ. Հայաստանում արձանագրվել է հանցագործության 37 հազար 612 դեպք՝ 2021թ. 30 հազար 245-ի փոխարեն: 2021թ․ համեմատությամբ հանցագործության դեպքերը 2022-ին աճել են 7367-ով կամ 24.45%-ով:  

Ըստ դատախազության՝ 2012-2022թթ. հանցավորության կառուցվածքը վկայում է, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 17.26: Մինչդեռ, 2022թ. ծանր ն առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 15.8%-ը: 2012-2022 թվականների ընթացքում նշված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ արձանագրվել է միայն 2017 թվականին՝ 14.3%:  

Հրապարակվում են թվեր՝ առանց վերլուծության

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանության ամփոփ տեղեկատվությունների հիման վրա կազմված վիճակագրական տվյալները հաղորդումների հիման վրա են ձևավորվում: Քննության արդյունքում այդ տվյալների մի մասը կարող է հանցագործություն չդիտարկվել:

Արշակ Գասպարյանի խոսքով՝ արդեն 10 տարի է բարձրաձայնում են, որ հանրապետությունում չկա մարմին, որը կզբաղվի հանցավորության պատճառականության բացահայտման և տվյալների բազա ստեղծելով: Գասպարյանի դիտարկամբ՝ վերջերս դատախազությունը նմանատիպ տվյալներ հրապարակում է, սակայն «այնքան բարդ լեզվով, որ միայն իրենք են հասկանում»:

«Հանցագործությունների վերլուծության համար առնվազն 5 տարվա տվյալներ են պետք: Որպեսզի ասենք՝ հանցագործությունն աճում է կամ նվազում, շատ քիչ է վերցնել նախորդ տարվա համեմատություն, առավել ևս այլ գործոն, քան հանցատեսակը, չի դիտարկվում: Հանցագործությունը սոցիալական վարքագիծ ու երևույթ է, և դրանք պետք է դիտարկել սոցիալական փոփոխությունների արդյունքում: Նույնիսկ երկու գործոնով վերլուծություն չունենք՝ դեմոգրաֆիան և հանցագործությունը»,- ասում է Ա. Գասպարյանը:

ՀԿ նախագահի դիտարկմամբ՝ հանցագործության վիճակագրական տվյալներ հրապարակելուց զատ, անհրաժեշտ է նաև կանխարգելիչ մոտեցում դրսևորել: Որպեսզի հանցագործությունները քիչ լինեն, պետք է լինեն կրթական և սոցիալական ծառայություններ և այդ ծառայությունների հասանելիություն: 

«Քրեական արդարադատության մարմինները պոչի մասն են, վերջին կետն են, որ պետք է դերակատարում ունենան: Իսկ ո՞ւր է սոցիալական ծառայությունը և դրա հասանելիությունը: Ոչ թե մարդը պետք է գնա 70 ժամ դիմում գրի իր նպաստի համար, այլ այդ  նպաստը պետք է փոխանցվի նույնիսկ առանց տեղեկացնելու: Որտե՞ղ  է, որ մարդն այս երկրի, գյուղի նկատմամբ պատկանելիության զգացողություն է ունենում: Իսկ այդ պատկանելիության բացակայությունը կարող է, օրինակ, բերել տագնապների և այդ աստիճանով պայմանավորված, հանցագործությունները կարող են լինել առավել ծանր՝ մարդու դեմ ուղղված: Որովհետև մարդը կորցնում է իր սեփական «ես»-ը սեփական աչքերում»,-նշում է Ա. Գասպարյանը:

Արշակ Գասպարյանն ասում է, որ ունենք թմրանյութերի, բռնության դեպքերի, երեխաների վերաբերյալ և այլ հանցագործություների մասով տվյալներ փոխանցման միջազգային պարտավորություններ: Սակայն հաճախ այդ տվյալները իրավապահ համակարգի առանձին տվյալների հետ չեն համընկնում, քանի որ չկա մի մարմին, որն այդ ամենը միավորի և տրամադրի հանցագործությունների վերաբերյալ տենդենցները:

Արշակ Գասպարյանի խոսքով՝ երբ հանցագործությունների վերաբերյալ հրապարակում են թվային տվյալներ՝ հունվար-հունիս ամիսների վերաբերյալ, հայտնի չէ, թե այդ ժամանակահատվածում ինչպիսին է եղել երկրում տնտեսության վիճակը, քանի կին և տղամարդ է եղել, այդ ժամանակահատվածում քանի մարդ է եղել երկրում, նրանցից քանիսն են եղել ՀՀ քաղաքացի, քանիսը՝ ոչ:

«Սրանք դեռ մի քանի պրիմիտիվ գործոններ են, որ չի արվում: Էլ չեմ ասում, որ նույն քրեական կոմիտեն կարող է հաղորդել, որ քննության ընթացքում բացահայտել են, որ վերջին տարիների  տվյալներով X բնակավայրի դպրոցն է ավելի կրիմինալ և տա հարցի պատասխանը, թե ինչու են այդ երեխաները հավաքվել հենց այդ դպրոցում»,- նշում է Գասպարյանը:

ՀԿ նախագահը բերում է Անգլիայի օրինակը, որտեղ 2021թ․ ներդրվել է աշխարհագրական վերլուծությունը: Քարտեզի վրա ունենում են տվյալներ, թե հանցագործությունն ինչպես է ծավալվում, թվերն ինչպես են տատանվում: Բազմաթիվ գործոններ են դիտարկվում՝ սկսված ծնելիությունից մինչև տնտեսական աճ ու դեմոգրաֆիա:

«Ռուսների, հնդիկների կամ պակիստանցիների ներհոսքի հետևանքով տնտեսության մեջ փոփոխություններ են եղել, բայց մենք չունենք տվյալներ, թե հանցագործությունների թվի մեջ ՀՀ քաղաքացիների մասնակցությունը որքան է, օտարերկրացիների դեպքում՝ որքան: Սրանցով է որոշվում՝ երկիրը հանցագործության թվի ա՞ճ է գրանցում, թե՝ ոչ»,-հավելում է փորձագետը:

Արշակ Գասպարյանն ասում է, որ գիտական մոտեցմամբ հանցագործությունների աճի գործոն են դիտարկում նաև ճգնաժամները: Իսկ Հայաստանում եղել իշխանության փոփոխություն, Covid-19 և պատերազմ: Սրանք չէին կարող որևէ կերպ փոփոխություն չունենալ մարդու վարքագծի վրա: 

«Այս գործոնները երկարատև ազդեցություն են ունենում, հետևաբար չի կարելի հանցավործության աճն ու նվազումը մի քանի ամսվա կամ կիսամյակների կտրվածքով վերլուծել: Երբ 10 տարվա կտրվածքով դիտարկենք, հնարավոր է այսօր թիվն ավելացել է, բայց դա չի նշանակում, որ ավելացել է, որովհետև այն ժամանակ էլ հնարավոր է մարդիկ են քիչ եղել»,-հավելում է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահը:

Արշակ Գասպարյանը մտահոգություն է հայտնում, որ այսօր հասարակությունը մասնակից չի դառնում հանցագործության կանխարգելման կամ նվազեցման գործընթացներին: 

«Օրինակ՝ թաղայինը չի գալիս, բացատրում, որ կարմիր աչքերով երեխաները, որոնց թիվն ավելանում է, հնարավոր է «մարիխուանա» են օգտագործում: Կամ երբ ուշ ժամի «ջիպով» գալիս կանգնում աղբամանի մեջ ինչ-որ բան են փնտրում, արդեն կասկածելի է։ Ավտոմեքենայի համարը գրանցե՛ք և տվե՛ք ոստիկանությանը: Պետք չէ բոլորին հանցագործ դիտարկել, դրա համար կան ցուցիչներ, բայց կանխարգելումը ենթադրում է հասարակության ներգրավում: Աշխարհի լավագույն ոստիկանությունն էլ չի կարող առանց հասարակության աջակցության պայքարել հասարակության դեմ, անհնար է»,- նշում է Արշակ Գասպարյանը:

Փորձագետի խոսքով՝ նույնիսկ դպրոցում չգիտեն վարքաձևերը, որոնք կասկածելի են և մանկավարժները չգիտեն, թե դրանց առկայության դեպքում, ինչպես արձագանքեն: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter