
Միշուստինը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ Նախատեսված է, որ խորհրդի նիստը կկայանա Ծաղկաձորում։
«Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և պոտենցիալ գործընկերների հետ կապերի հաստատումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետի աշխատակզմից ևս հայտնել էին, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը կայացել էր այս տարվա հունիսին Սոչիում։ Միության անդամ երկրների վարչապետները հանդիպել էին նաև այս տարվա փետրվարին Ղազախստանում։
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական միավորում է, որին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել