
Տվերի մարզում կործանվել է Եվգենի Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռը. կա 10 զոհ
Ռուսաստանի Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է տելեգրամյան «База» ալիքը։ Վերջինիս տվյալներով՝ խոսքը Embraer տեսակի բիզնես ջեթի մասին է։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, որից երեքն անձնակազմի անդամներ են։ Կործանված բիզնես ջեթը Մոսկվայից շարժվում էր Սանկտ Պետերբուրգ։
Քսենիա Սոբչակին պատկանող «Кровавая барыня» տելեգրամյան ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ կործանված ինքնաթիռը պատկանում էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինին։ Թե արդյոք Պրիգոժինը եղել է ինքնաթիռում, անհայտ է։ Կրեմլամետ տելեգրամյան ալիքները գրում են, որ Պրիգոժինն ու նրա տեղակալ Դմիտրի Ուտկինը ևս եղել են ինքնաթիռում ու զոհվել են։
«База»-ն հավելում է, որ նախնական տվյալներով կործանվել է Embraer ERG 135 ինքնաթիռը, որն ուներ RA-02795 համարը։ Վագներականներին մոտ կանգնած Grey Zone տելեգրամյան ալիքը պնդում է, որ Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցից։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Կոլաժը՝ Информатор-ի
Մեկնաբանել