HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը հանդիպել են շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել են շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

«Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, լսել ընկերությունների ներկայացուցիչների տեսակետներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ Հանրապետությունում իրականացվում է մեծածավալ պետական շինարարություն և շինարարական հրապարակներ այցելելիս արձանագրում է, որ առկա են պլանավորված ժամկետների խախտումներ, երբեմն որակական խնդիրներ:

«Ընդ որում, սա այն պայմաններում, երբ, եթե անկեղծ ասենք, մեր երկրում գործող շինարարական նորմերն այնպես չէ, որ համապատասխանում են բոլոր ժամանակակից չափանիշներին: Մենք ի սկզբանե մտածել և մտածում ենք, որ պետք է գնանք ստանդարտների բարձրացման ճանապարհով, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ դա չենք կարող մեկ օրում անել, որովհետև եթե փորձենք այդպես անել, ընդհանրապես ամեն ինչ կկանգնի: Սա մտահոգության առաջին հատվածն է, բայց ոչ ամբողջականը:

Մենք այսօր պլանավորել ենք և ձեռնամուխ ենք լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի: Տեղյակ եք, որ իրականացնում ենք 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագիրը, առնվազն երկու հատվածում գործնական փուլ է մտնում Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարությունը, որը, իհարկե, միջազգային մրցույթներով է իրականացվում, բայց մյուս կողմից հասկանալի է, որ հաղթող ընկերությունները նաև ենթակապալի ժանրով համագործակցելու են տեղական ընկերությունների հետ:

Նաև մոտենում ենք Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագրին, որը նույնպես ահռելի ծրագիր է: Ամեն տարի մեր օրակարգում է 500 կմ ավտոճանապարհների կառուցումը, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, որոնց առյուծի բաժինը շինարարության ոլորտին է վերաբերում: Առաջիկայում պլանավորում ենք իրականացնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, նաև Հանրապետությունում մի քանի կարևոր թունելներ են կառուցվելու, բացի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի թունելները և կամուրջները:

Մենք այսօր շատ մեծ ծավալներով ձեռնամուխ ենք եղել կամուրջների վերանորոգմանը, գործող թունելների արդիականացմանը, խոսքը, մասնավորապես, Ծովագյուղի, Սպիտակի, Ստեփանավանի թունելների մասին է: 50 բժշկական կենտրոնների շինարարության ծրագիրն է ընթացքի մեջ և այլ կապիտալ ծրագրեր»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առնվազն 2020 թվականից Կառավարությունը նաև որոշակի քայլեր է ձեռնարկել, որպեսզի, այդ թվում՝ շինարարական ընկերությունները տեխնիկական հագեցվածության հարցերը լուծեն Տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը նաև հույս է ունեցել, որ շինարարական ընկերությունները նոր տեխնիկա ձեռք կբերեն, և նկատելի է, որ այդ գործընթացն առկա է.

«Վիզուալ էլ Հանրապետության փողոցներում տեսնում ենք բեռնատարներ, այնպիսի կարգի շինարարական տեխնիկա, որ նախկինում ՀՀ-ում չենք տեսել»:

Վարչապետի դիտարկմամբ՝ Հանրապետությունում իրականացվում է նաև ահռելի ծավալների բնակարանաշինություն:

«Անցած տարի եկամտային հարկով քաղաքացիներին ենք վերադարձրել 35 մլրդ դրամ: Բայց դա էլ գիտակցված մոտեցում է, որովհետև բնակֆոնդը պետք է թարմացվի, առանց դրա հնարավոր չէ: Մեր հաշվարկներով՝ մեզ անհրաժեշտ է 15-20 տարվա ընթացքում թարմացնել ամբողջ բնակֆոնդը, որպեսզի ոչ միայն վթարային, այլև մաշվածություն ունեցող բնակարանային ֆոնդ չունենանք: Այդ առումով, Երևանից կսկսենք վթարային շենքերը նորերով փոխարինելու լայնածավալ ծրագիրը, որն առաջիկայում մեկնարկելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, նախագահ Խաչատուրյանը նշել է.

«Այն լայն մասշտաբային աշխատանքները, որոնք Կառավարությունը նախաձեռնել է իր 5-ամյա ծրագրում՝ ենթադրում է, որ մեր շինարարական ընկերությունները պետք է մասնագիտանան: Դուք ինքներդ, ծանոթանալով այդ ծրագրերին և ուղղություններին, պետք է որոշեք, ընտրեք, թե որտեղ ինչ կարող եք անել: Պետությունն ունի միջոցներ, պատրաստ է նաև ձեր առաջարկներով տարբեր տնտեսական մեխանիզմներ կիրառել և հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանում շինարարական ինդուստրիան վերջնականապես կայանա: Մեր խնդիրը, Կառավարության կողմից դրված խնդիրները հստակ են՝ ժամանակ և որակ, որպեսզի կարողանանք հասցնել շինարարական այսպիսի լայն ծավալների իրականացումը»:

Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների, դրանց ծավալների, ընկերությունների մոտ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ: Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են տարբեր հարցերի, ներկայացրել պարզաբանումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter