HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հավաստի տեղեկություններ կան Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու վերաբերյալ. Փաշինյան

Հայաստանը ադրբեջանական կողմին խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել։ Այս մասին Կառավարության օգոստոսի 24-ի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառանալով Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը դեռ Լաչինի միջանցքի մուտքի մոտ է։ Միևմնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ։ 

«Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։ Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»,- հայտնեց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ այս պահին էլ Հայաստանում են գտնվում ԼՂ բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ 

«Նրանցից շուրջ 5000-ը նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 000-ը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։

«Այս դրույթի չկատարումն ու մնացած փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հայությանը հեռացնելն է՝ լինի սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով։

Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա։ ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակներում։

Այս համատեքստում էական է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ տարածք, այլև հարակից շրջաններ։ Սա նշանակում է ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև՝ Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը արժանանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պիտի ունենան»,- եզրափակեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter