
Հայկական Կարմիր խաչը Ադրբեջանի Կարմիր մահիկին կոչ է անում չներքաշվել քաղաքական գործընթացներում
Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ` չեզոքության սկզբունքը և ներգրավվում է քաղաքական գործընթացում` բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում` այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
«Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։ Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև՝ մարդասիրական օրակագին։
Ներկա պահին Ադրբեջանը, նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը, փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։
Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը անցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։ Վերջինս առևանգվեց, երբ գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։
2023 թվականի հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը»՝ համոզելու Լաչինի միջանցքը փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հուլիսի 25-ի հայտարարությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակի վրա, ինչը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդում ՄԱԿ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցչի կողմից:
Այսպիսով, ավելի քան հրատապ է դառնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների անհապաղ իրականացումը։
Մենք կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային շարժման բաղկացուցիչներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը անշեղորեն հետևել և հավատարիմ մնալ Շարժման սկզբունքներին՝ տանելու իրենց մանդատների շրջանակներում փոխլրացնող դերը՝ ի նպաստ մարդասիրական առաքելության արդյունավետ իրականացման»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել