HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով հայերեն տեքստը վերածվում է խոսքի

ARM.TTS գործիքը ծրագրավորող Ալբերտ Գրիգորյանի անհատական նախաձեռնությունն է, սկսել է 2021 թվականից։ Գործիքը արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով հայերեն տեքստը վերածում է խոսքի։ Հեղինակն ասում է՝ երբ սկսում էր, այլ «խաղացողներ» չկային։ 

«Սկզբից որոնում էի Google-ում, տեսա, որ հայերենի համար նման հնարավորություն չկա։ Մեքենայական ինչ-որ տարբերակ կար, որ շատ արհեստական էր։ Որոշեցի սկսել ու ինքս լուծել այդ խնդիրը»,- ասում է Գրիգորյանը։

Լուսանկարը՝ Ալբերտ Գրիգորյանի անձնական արխիվից

Հիմա փորձարկման հասանելի տարբերակներ կան, որոնք միջազգային տարբեր խոշոր ընկերություններ են ստեղծում։ Սրանք աշխատում են տասնյակ լեզուների հետ։  Հեղինակի խոսքով՝ ARM.TTS-ի գլխավոր առավելությունն այն է, որ ստեղծված է հենց հայերենի համար. մյուսները հայերենի հնչյունային շարժիչ չունեն, որը հաշվի կառնի լեզվի առանձնահատկությունները։ Ալբերտ Գրիգորյանը գործիքը ստեղծելիս հայոց լեզվի հնչյունային կանոնները, բացառություններն ու նրբություններն է ներառել։

Գրադարանները ստեղծված են iOS և Android օպերացիոն համակարգերի համար, կարելի է նաև ռոբոտի վրա տեղադրել։ Կայքում հնարավոր է մինչև 300 սիմվոլ պարունակող տեքստը 20-ից 60 վայրկյանի ընթացքում խոսքի վերածել։

Հիմա հնչյունային շարժիչը մի ձայնով է աշխատում։ 30 րոպե ինչ-որ մեկին ձայնագրելով՝ հնարավոր է գործիքը նոր ձայնով օգտագործել։

Ցույց է տալիս՝ ինչպես էր գործիքը աշխատում նախորդ տարի։ Ինչ-որ բաներ փոխել, բնական հնչողությանն ավելի է մոտեցրել։ Ասում է՝ թեստավորողների թիմ չունի, խնդիրներն ինքն է տեսնում, փորձում լուծել։ Նրա խոսքով՝ կատարելագործելու տեղ միշտ կա, ուղղակի ժամանակի հարց է։

«Սա անցյալ է։ Այս լուծումը աշխարհում 20 տարի առաջ կար։ Ես ուղղակի մի քիչ բարկացա․ ամեն տարի համալսարանից տեխնոլոգիական ոլորտի շատ մասնագետներ են դուրս գալիս, սա ի՞նչ էր, որ չէին անում»,- բացատրում է ծրագրավորողը։

Ալբերտ Գրիգորյանի կարծիքով` այսպիսի շատ նախաձեռնությունների մասին մարդիկ չեն իմանում, որովհետև, դե, գիտեն՝ հայերենի հետ աշխատող նման գործիքներ չկան, չեն էլ փնտրում։ Ասում է` հեծանիվ հնարել պետք չէ. հասանելի շատ գործիքներ կան, որոնց հայերեն տարբերակները ստեղծելը բարդ չէ, ուղղակի նախաձեռնող է պետք։

Գլխավոր նկարը՝  cuseum.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter