
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Հանրային խորհրդի մի խումբ անդամների
Օգոստոսի 24-ին Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ընդունել է Արցախի Հանրային խորհրդի մի խումբ անդամների ՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
«Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել պաշտոնավարման մեկնարկից ի վեր ԱԺ նախագահի գործունեությունը:
Դավիթ Իշխանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում խորհրդարանական բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվացման և օրենսդիր մարմնի վարկանիշի բարձրացման ուղղությամբ:
Անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանը՝ խորհրդի նախագահն իր խոսքում կարևորել է խորհրդարան- հասարակություն կապի ամրապնդումը: Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ Խորհուրդը ապաքաղաքական և կառուցողական գործունեություն է ծավալում, սերտորեն համագործակցում են հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ: Խորհրդի անդամները խոսել են նաև կատարած և կատարվող հանրային աշխատանքների մասին:
Երկուստեք կարևորվել ու արժևորվել է Հանրային խորհրդի և օրենսդիր մարմնի փոխգործակցությունը: Այդ ուղղությամբ ակնկալվում է համատեղ քննարկումների դաշտի ձևավորումը»,- նշված է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել