HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հեմոդիալիզ ստացող հիվանդների համար բժշկական պարագաները 1 շաբաթից կվերջանան. Արցախի ԱՆ խոսնակ

Արցախում հեմոդիալիզ ստացող 41 հիվանդներից 10-ը հրաժարվել են  Հայաստան տեղափոխվելուց։ Նրանց բուժման համար նախատեսված բժշկական պարագաները մեկ շաբաթից կվերջանան։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արցախի առողջապահության նախարարության խոսնակ Անգելինա Իսախանյանը։

Նրա խոսքով՝ բոլոր հիվանդներին տեղեկացրել են՝ պարագաների վերջանալու դեպքում ինչի առաջ են կանգնելու, նրանք ինքնուրույն են որոշում կայացրել՝ տեղափոխվե՞լ Հայաստան բուժում շարունակելու, թե՞ ոչ։

Անգելինա Իսախանյանը նշում է, որ հեմոդիալիզ ստացող հիվանդները հատուկ սննդակարգ ունեն և պետք է սնվեն այդ սննդակարգով։

«Երբ հասկացանք, որ արդեն դեղորայքով չենք կարող ապահովել նրանց, առաջարկեցինք, որ տեղափոխվեն։ Կազմակերպեցինք հեմոդիալիզ ստացող հիվանդների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների ավարտից հետո հիվանդները կմահանան»,- ասում է նա։

Անգելինան պատմում է, որ այս պահին էլ հերթագրված հիվանդներ կան, որոնք ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ անհապաղ տեղափոխման կարիք ունեն, քանի որ Ադրբեջանի կողմից այս օրերին անգամ դեղորայքի մուտք Արցախ չի թույլատրվում։ Բոլոր դեղատներում մանկական կերերի, տակդիրների, դեղերի, նույնիսկ՝ ջերմիջեցնողների պակաս կա։

«Իմ օրինակով ասեմ, այս պահին և՛ մայրս, և՛ հայրս ջերմում են, բայց դեղորայք շատ քիչ ունեմ տանը, և չգիտեմ՝ եթե վերջանա, ինչ եմ անելու։ Առողջապահության նախարարությունն այս ամիսների ընթացքում որոշակի պաշար ունի հավաքած, բայց դրանք նույնպես անսպառ չեն, և եթե այսպես երկար շարունակվի, կվերջանան։ Ունենք քաղցկեղի համար դեղորայքի շատ սուղ պաշար, որոշ ժամանակ անց կկանգնենք լուրջ խնդիրների առաջ։ Փորձել ենք մաքսիմալ պահեստավորել, բայց դա շատ քիչ է»,- հայտնում է նա։

Արցախում հուլիսին ուշագնացության մասին ահազանգերն, ըստ Առողջապահության նախարարության խոսնակի, աճել են 91 %-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Հերթերում կանգնած ուշագնացության դեպքեր են լինում, և մինչ շտապօգնության անձնակազմի ժամանումը, քաղաքացուն ուշքի են բերում, բայց կոնկրետ շտապօգնության ծառայության ստացած զանգերով 91%-ով աճել են այդ դեպքերը»,- ասում է ԱՆ խոսնակը՝ նշելով, որ մաքսիմալ փորձում են բուժհաստատություններին և շտապօգնությանը ապահովել վառելիքով, որպեսզի կարողանան համապատասխան բուժօգնություն տրամադրել քաղաքացիներին։

Գլխավոր լուսանկարը՝ Արցախի առողջապահության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter