
Ֆրանսիացի քաղաքական գործիչները կուղեկցեն Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռը
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, Ֆրանսիայի Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Խավիեր Բերտրանը, սենատոր Բրունո Ռետայլոն, Ռեգիոնալ խորհրդի փոխնախագահ Պատրիկ Քարամը և Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլան օգոստոսի 30-ին կուղեկցեն Լաչինի միջանցք ուղեւորվող մարդասիրական բեռներով ավտոշարասյունը, որը կմեկնի Երեւանի Ֆրանսիայի հրապարակից եւ այնտեղ կհասնի կեսօրին: Այս մասին հայտնում է «Նուվել դ’Աղմենի» պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդների ազգային խորհրդին (CCAF)։ Ըստ հրապարակման՝ Ֆրանսիայի տեղական իշխանությունների մարդասիրական այս նախաձեռնությունը Փարիզի քաղաքապետինն է, որին խնդրանքով դիմել էր CCAF–ը։
CCAF-ը միաժամանակ խնդրել է Ֆրանսիայի իշխանություններին դիվանագիտական միջոցներ կիրառել, «որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 10 բեռնատարներն անցնեն Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը և հասնեն իրենց նշանակետին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի տարբեր շրջանների հավաքած 20 տոննա մարդասիրական օգնության առաջին բեռնատարները Լաչինի միջանցք էին հասել օգոստոսի 17-ին եւ միացել Հայաստանի Կոռնիձոր գյուղի մոտ միջանցքի բացմանը սպասող՝ Հայաստանի կառավարության ուղարկած բեռնատարներին։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը Ադրբեջանը փակել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ թույլ տալով միայն Կարմիր խաչի միջոցով մարդկանց ու բեռների տեղափոխումը, իսկ այս տարվա հունիսի 15-ից խոչընդոտում է նաեւ Կարմիր խաչի մարդասիրական գործունեությանը։
Լուսանկարը՝ «Նուվել դ’Աղմենիի» կայքից
Մեկնաբանել