
ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ ուկրաինական անօդաչուն փորձել է հարձակվել Մոսկվայի վրա
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ուկրաինացի զինվորականները փորձել են անօդաչուի օգնությամբ հարվածել Մոսկվայի ու Մոսկվայի մարզի օբյեկտներին։
Գերատեսչության տվյալներով՝ հարձակումը չեզոքացվել է օգոստոսի 26-ին՝ ժամը մոտ 03:00-ին։ «ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից անօդաչու թռչող ապարատը ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի տարածքում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ չի նշում, թե արդյոք անօդաչուի հարվածի հետևանքով կա՞ն տուժածներ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ, նախնական տվյալներով, տուժածներ ու ավերածություններ չկան։
Տելեգրամյան Mash ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես նշվում է, ՀՕՊ ուժերն Իստրինսկի շրջանում անօդաչու են խոցում։
TACC գործակալությունը, հղում անելով ավիացիոն ծառայություններին, գրում է, որ Մոսկվայի Դոմոդեդովո, Շերեմետևո և Վնուկովո օդանավակայանները գիշերը մոտ մեկ ժամով սահմանափակել են թռիչքները, սակայն ներկայումս դրանք շարունակում են բնականոն աշխատանքը։ РИА Новости-ի տվյալներով էլ՝ օգոստոսի 26-ի գիշերը Մոսկվայում հետաձգվել է առնվազն 24 ավիաթռիչք, ևս 8-ն էլ չեղարկվել է։
Վերջին շաբաթներին Մոսկվան ու Մոսկվայի մարզը պարբերաբար ենթարկվում են անօդաչուների հարձակման։ Այսպես, օգոստոսի 23-ին անօդաչուն մխրճվել էր Մոսկվա-Սիթիում կառուցվող շինություններից մեկի մեջ, իսկ օգոստոսի 22-ին Մոսկվայի մարզում ՀՕՊ ուժերի կողմից անօդաչուի խոցման հետևանքով վնասվել էին բնակելի տներից մեկի ապակիները։
Լուսանկարը՝ Станислав Красильников / ТАСС
Մեկնաբանել