Գողացված ցուցանմուշների պատճառով հրաժարական է տվել Բրիտանական թանգարանի տնօրենը
Լոնդոնի Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը հրաժարական է տվել 2021 թվականին թանգարանային ցուցանմուշների գողության մասին ահազանգին «սխալ արձագանքի» պատճառով: Այդ մասին հայտնում է BBC-ն։
Իր հայտարարության մեջ Ֆիշերը նշել է, որ թանգարանը «չի արձագանքել այնպես, ինչպես պետք էր», երբ 2021 թվականին գողության մասին ահազանգ ստացավ։ Նա նաև սխալ է անվանել արվեստի դիլերի հասցեին իր նախկին արտահայտությունները, որն առաջինն էր թանգարանին զգուշացրել հանցագործության մասին:
BBC-ի տեղեկություններով՝ թանգարանից անհետացել են ոսկի, ոսկերչական զարդեր և կիսաթանկարժեք քարեր։ Իրերի մեծ մասը պահվում էր պահեստում։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Թանգարանն էլ իր հերթին աշխատանքից ազատել է աշխատակիցներից մեկին ու ներքին անվտանգության ստուգումներ սկսել։ Բրիտանական The Telegraph թերթի աղբյուրները հայտնել են, որ անհետացել է մոտ 2000 առարկա:
Բրիտանական թանգարանի վարչության նախագահ Ջորջ Օսբորնի խոսքով՝ թանգարանի հոգաբարձուներն այս տարվա սկզբին են իմացել ցուցանմուշների անհետացման մասին: PA գործակալությունը գրել է, որ դրանք սկսել են անհետանալ մինչև 2023 թվականը։
2021 թվականի փետրվարին արվեստի դիլեր Իթայ Գրադելը թանգարանին տեղեկացրել էր, որ դրա հավաքածուից 3 թանկարժեք քար eBay-ում վաճառքի է հանվել։ Նա իր նամակում ենթադրում էր, որ գողը աշխատակիցներից մեկն է։ Մեկ այլ դիլեր՝ Մալքոլմ Հեյը, կապ էր հաստատել թանգարանի հետ և հայտնել, որ գնել է մարգարիտներից մեկը, բայց «վախենում է, որ այն գողացված լինի»: Նա 2021 թվականի մայիսին զարդը վերադարձրել էր թանգարանին։
Այդ ժամանակ թանգարանի փոխտնօրեն Ջոնաթան Ուիլյամսը Գրադելին պատասխանել էր, որ «բոլոր հանգամանքները հաշվի են առնվել, և թանգարանի աշխատակիցների կողմից որևէ իրավախախտման մասին ենթադրություններ չկան»: 2022 թվականի հոկտեմբերին թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկին հայտնել էր, որ հարցը փակված է։
Լուսանկարը՝ Daniel LEAL / AFP/File
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել