Նարենդրա Մոդին կարող է երրորդ անգամ զբաղեցնել Հնդկաստանի վարչապետի պաշտոնը
Հնդկաստանի գործող վարչապետ Նարենդրա Մոդին կարող է կառավարության ղեկավարի պաշտոնում մնալ երրորդ հնգամյա ժամկետով՝ 2024 թվականի մայիսին կայանալիք համընդհանուր ընտրությունների արդյունքներով: Այդ մասին է վկայում «Ազգային տրամադրություններ» վերնագրով հանրային կարծիքի հարցումը, որն անցկացվել է 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին India Today պարբերականի կողմից:
Պարբերականը հայտնում է, որ, չնայած գնաճին և գործազրկության բարձր մակարդակին, Մոդին նախկինի պես մեծ ժողովրդականություն է վայելում Հնդկաստանում: Տարեկան երկու անգամ անցկացվող այս հարցմանը մասնակցած 160 հազար մարդ կամ մասնակցածների 59 %-ը գոհունակություն է հայտնել վարչապետի պաշտոնում Մոդիի աշխատանքի շարունակությանը: Ընդ որում, նախորդ հարցման արդյունքներով, որը տեղի էր ունեցել այս տարվա հունվարին, Մոդիին աջակցել էր հարցման մասնակիցների 72 %-ը։ Այժմ, Մոդիի գործունեությունից դժգոհել է հարցվածների 22 տոկոսը՝ հունվարյան հարցման 16 տոկոսի դիմաց։
Հարցումը ցույց է տվել նաև ընդդիմության առաջնորդ Ռահուլ Գանդիի հեղինակության աճը: Վերջինս գլխավորում է 26 ընդդիմադիր կուսակցությունների նոր կոալիցիան, որն ստացել է «Հնդկական ազգային զարգացման ներառական դաշինք» կամ I. N. D. I. A. (Indian National Development Inclusive Alliance) անվանումը: Սակայն հարցվածների շրջանում իր հեղինակությամբ Գանդին 36 տոկոսային կետով զիջում է Մոդիին։
Նարենդրա Մոդին առաջին անգամ Հնդկաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2014 թվականի մայիսին կայացած ընտրությունների արդյունքում։ 2019 թվականին նա կրկին գլխավորել էր կառավարությունը։ Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ներկայիս կազմում BJP-ն վերահսկում է մանդատների բացարձակ մեծամասնությունը:
Լուսանկարը՝ Aurelien Morissard/Pool via REUTERS/File Photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել